Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականները Հայաստանին հուզող հարցեր են ուղղել պետքարտուղար Ռայսին


Օրերս ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներից մեկի ժամանակ մի քանի կոնգրեսական պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին հղել են Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին հուզող մի շարք հարցեր։

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, սենատոր Փոլ Սարբենսը Ռայսին հղած գրավոր դիմումով բացատրություն է պահանջել Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական անհավասար հատկացումներ կատարելու՝ վարչակազմի որոշման կապակցությամբ։ Նա նշել է, որ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո Կոնգրեսը ԱՄՆ-ի նախագահին տվել է Ազատության աջակցության ակտի թիվ 9Օ7 բանաձեւը մեղմելու սահմանափակ ու պայմանական լիազորություն՝ հիշեցնելով, որ ըստ վարչակազմի ու Կոնգրեսի միջեւ ձեռք բերված համաձայնության, միեւնույն ժամանակ պետք է պահպանվի երկու երկրներին ռազմական բնագավառում տրամադրվող աջակցության հավասարաչափությունը։

Սենատորը պահանջել է տեղեկություններ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքների վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշման մասին՝ օրինակ բերելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները այս տարի Ադրբեջանի ռազմական ծախսերը 76 տոկոսով ավելացնելու, ուժեղ բանակ ստեղծելու եւ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ։

Սենատոր Ջորջ Ալենը հարցրել է պետքարտուղարին, թե արդյո՞ք Ադրբեջանին 40 տոկոսով ավելի ռազմական օժանդակություն հատկացնելու փաստը, Ալիեւի հայտարարությունների ֆոնի վրա, է'լ ավելի չի վնասի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

Ներկայացուցիչների տան անդամ Բրեդ Շերմանը Քոնդոլիզա Ռայսից պահաջնել է ներկայացնել անցյալ տարվա համեմատությամբ Հայաստանին տրամադրվող տնտեսական օժանդակությունը մեկ երրորդով կրճատելու՝ Միացյալ Նահանգների վարչակազմի որոշման պատճառները։

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունը պահպանելու հարցով պետքարտուղար Ռայսին մի քանի հարց է հղել նաեւ կոնգրեսական Քրաուլին՝ պահանջելով Ռայսի կարծիքն այն մասին, թե արդյո՞ք նման մոտեցմամբ չի վնասվի ԱՄՆ-ի՝ որպես անկողմնակալ միջնորդի վարկանիշը։ Նա նաեւ անդրադարձել է Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցման խնդրին՝ շեշտելով, որ այդ ծրագրին հավանություն տալու դեպքում Հայաստանը կհայտնվի լիակատար մեկուսացման մեջ։

Իսկ կոնգրեսական Ադամ Շիֆը պետքարտուղար Ռայսից պահանջել է բացատրություն՝ «Ամերիկայի արտաքին ծառայությունների ընկերակցության» պարգեւը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսին հանձնելու որոշումից հրաժարվելու մասին:

Կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն վերհանել է Ջուղայում հայկական միջնադարյան գերեզմանների ոչնչացման փաստը՝ պահանջելով արտահայտել պետքարտուղարության վերաբերմունքն ու դիրքորոշումն այս հարցում։


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG