Մատչելիության հղումներ

Հայաստանն իր դիրքորոշումն է հայտնում ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին վերսկսել է քննարկումերը միջազգային հեղինակավոր այս կառույցի հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ: Կառույցը տասը տարի ղեկավարած ներկայիս գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարվա վերջին, եւ նա այլեւս, ըստ կանոնադրության, իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը:

Ըստ ՄԱԿ-ի 61-ամյա ավանդույթների, գլխավոր քարտուղարն ընտրվում է տարածքային հաջորդափոխության սկզբունքով: Քոֆի Անանն այդպես դարձավ Աֆրիկայի ներկայացուցիչը: Այժմ, վերլուծաբանների կարծիքով, ուժեղ է Ասիայից որեւէ մեկի թեկնածությունը պաշտպանելու միտումը:

«Տեղը Ասիային դեռ երաշխավորված չէ: Լուրջ մի վերապահում կա, որ գրեթե բոլոր անդամ պետություններն ունեն. կարեւորագույնն ու առաջնայինը հանդիսանալու են թեկնածուի անձնական հատկանիշները, կարողություններն ու ունակությունները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով. - «Հայաստանն իր դիրքորոշումն արդեն մշակել է, եւ մենք հայտարարել ենք, որ մեզ համար կարեւոր չէ, թե որ խմբի ներկայացուցիչը կլինի գլխավոր քարտուղար, այլ թե՝ ինչ առաջնորդ կլինի: Կազմակերպությունն իրոք կարիք ունի լիդերի՝ խարիզմատիկ, փորձառու դիվանագետի, փորձառու գործչի, որի հեղինակությունն անվիճելի կլինի անդամ պետությունների համար»:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բոլթոնը հայտնել է, որ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները շարունակ քննության են առվում հաջորդ գլխավոր քարտուղարի խնդիրը: «Սակայն սա այս պահին առավելագույնն է, ինչ կարող եմ ասել», - նշել է Բոլթոնը:

Չգրված մի համաձայնություն կա, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար չի կարող լինել անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից՝ Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից ու Մեծ Բրիտանիայից որեւէ թեկնածու:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG