Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Մենք ամեն կերպ օժանդակելու ենք, որ հակամարտությունը լուծվի եւ մնա անցյալում»


Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Ներկայացնում ենք Ռուսաստանի նախագահի խոսքն՝ ամբողջությամբ:

«Ես համաձայն եմ Ադրբեջանի նախագահի հետ այն հարցում, որ չնայած այդ հարցի ողջ բարդությանը երկու բանակցող կողմերը՝ ե’ւ Ադրբեջանը, ե’ւ Հայաստանը կարող են գտնել փոխադարձաբար ընդունելի որոշումներ: Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ բանակցությունների արդյունքները դրական լինեն: Իմ կողմից ես խոստացել եմ Ադրբեջանի նախագահին, որ մենք նախաձեռնել ենք եւ կանցկացնենք լրացուցիչ խորհրդակցություններ մեր հայ գործընկերների հետ: Մոտ ժամանակներս մտադիր եմ կապվել Հայաստանի նախագահի հետ, հրավիրել նրան Մոսկվա այս խնդրի շուրջ հետագա խորհրդակցություններ անցկացնելու համար: Ռուսաստանն իսկապես, չափազանց շահագրգռված է հետխորհդային տարածքի բոլոր հակամարտությունների լուծման հարցում: Եթե ինչ-որ մեկն ասում է, թե դա այդպես չէ՝ դա կամ մոլորություն է, կամ մեր ժողովուրդներին մոլորության մեջ գցելու փորձ: Հիմա մեր եւ Ադրբեջանի միջեւ առեւտրի շրջանառությունը երկու տարվա ընթացքում կրկնապատկվել եւ հասել է մեկ միլիարդի: Եթե չլիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, գուցե այն արդեն հինգ միլիարդի կհասներ: Մեզ հետխորհրդային տարածքի հակամարտությունները խանգարում են: Մենք զարգացման հսկայական հնարավոր ուղղություններ ունենք: Հնարավոր չէ բոլորը թվարկել՝ էներգետիկա, ընդ որում ոչ միայն գազ եւ նավթ, էլեկտրաէներգետիկա, տրանսպորտ, կապ, մեքենաշինություն, գյուղատնտեսություն, անվտանգության հարցում համատեղ որոշումներ: Մենք փոխգործակցության մեզ համար անչափ շատ կարեւոր եւ անհրաժեշտ ուղղություններ ունենք եւ հակամարտությունները մեզ խոչընդոտում են: Այդ պատճառով մենք անչափ շահագրգռված ենք, որ այդ հակամարտությունները լուծվեն: Բայց մենք բացարձակապես բացառում ենք ճնշման գործադրումը բանակցող կողմերից որեւէ մեկի վրա: Մենք կարող ենք միայն միջնորդի եւ ձեռք բերված համաձայնությունների երաշխավորի դեր խաղալ: Մենք Ադրբեջանի նախագահի հետ այսօր եւ երեկ երեկոյան նրա տանը բավական շատ եւ մանրամասնորեն խոսել ենք այդ խնդրի մասին եւ ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել՝ ինձ թվում է, թե նա ճիշտ է, չնայած բոլոր դժվարություններին այդ հիմնախնդիրը լուծելու հնարավորություն կա: Մենք ամեն կերպ օժանդակելու ենք, որ հակամարտությունը լուծվի եւ մնա անցյալում: Ահա այն ամենն ինչ կարելի էր ասել, քանի որ գտնում եմ, որ մանրամասների մեջ մտնելը դեռեւս վաղ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG