Մատչելիության հղումներ

Շվեյցարիայի հայերին մտահոգում է, որ երկրի արտգործնախարարը Հայաստան չի այցելելու


Այսօր եռօրյա պաշտոնական այցով Բաքու է ժամանում Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը: Ի տարբերություն բարձրաստիճան եվրոպացի այլ դիվանագետների, տիկին Քալմի-Ռեյը այցելում է ոչ թե հարավկովկասյան երեք պետությունները կամ գոնե Հայաստան ու Ադրբեջան, այլ միմիայն Բաքու: «Հայաստան-Շվեյցարիա» ընկերակցության համանախագահ Սարգիս Շահինյանի խոսքով, դա մտահոգիչ է:

«Մեր տպավորությամբ, բավական տարօրինակ որոշում էր, քանի որ դա արվեց առանց քննարկելու միաժամանակ Երեւան նույնատիպ՝ նախարարական մակարդակով ու նույն տեւողությամբ՝ եռօրյա այցելություն կատարելու հնարավորությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սարգիս Շահինյանը:

Նախարարի կողմից եվրոպական դիվանագիտության այս չգրված օրենքի խախտումը արդեն իսկ լուրջ դժգոհություն է առաջացրել շվեյցարահայերի շրջանում:

«Քանի որ Հայաստանը եւ Ադրբեջանը զինված հակամարտության մեջ են, ոչ պաշտոնական այդ կարգը խախտելը մի քիչ մտահոգիչ է մեզ համար», - ասաց Շահինյանը:

Մտահոգության առիթներից մեկը նաեւ այն է, որ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը Բաքու է այցելում Ջուղայի խաչքարերի ոչնչացման առթիվ ծագած սկանդալի ֆոնին:

«Արտաքին գործոց նախարարը շատ լավ տեղյակ է, քանի որ դեկտեմբերի 23-ին մենք տեղեկացրինք Ջուղայի խաչքարախմբի ոչնչացման մասին: Այսօրվա այցը, մանավանդ, երբ նպատակը երկկողմանի առեւտրական երեք պայմանագրերի ստորագրումն է, բավական տարօրինակ է», - եզրափակել է «Հայաստան-Շվեյցարիա» ընկերակցության համանախագահը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG