Մատչելիության հղումներ

Սթիվեն Մանն. «Ռամբույեում հարցերն առաջ չգնացին, բայց ժամացույցի սլաքը շարժվում է»


«Մենք դեռ փորձում ենք համակարգել կատարվածը: Կարող եմ ասել, որ 2006-ը հակամարտության լուծման տարի է: Ռամբույեում հարցերն առաջ չգնացին, բայց ժամացույցի սլաքը շարժվում է», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը:

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե 2006 թվականին համաձայնություն ձեռք չբերվի, ամերիկացի դիվանագետը պատասխանել է. - «Երկու տարվա ընթացքում այնքան դրական աշխատանք է կատարվել: Պատուհանը կա եւ անհրաժեշտ է համաձայնության գալ: Եվ դա իսկական ողբերգություն կլինի, եթե կողմերը չօգտվեն այս հնարավորությունից»:

Ամերիկացի համանախագահը կտրականապես հերքել է ադրբեջանական մամուլի հրապարակումները, թե բանակցությունների երկրորդ օրը Ռոբերտ Քոչարյանը եւ Յուրի Մերզլյակովը դուրս են եկել բանակցային դահլիճից եւ առանձնացել, ինչից հետո Հայաստանի նախագահը վերադարձել է եւ անակնկալ կերպով ընդհատել բանակցությունները:

«Ես Ռամբույեում եմ եղել եւ նման բան չեմ տեսել: Ես էլ ծանոթ եմ այդ հրապարակումներին եւ կարող եմ ասել, որ այդ պատմությունը հնարած է», - նշել է Սթիվեն Մաննը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նաեւ հայտնել է, որ Ռամբույեի բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին եւ ներկայացրել բանակցությունների մանրամասները:

«Պետքարտուղարը շեշտել է համաձայնագրի կայացման կարեւորությունը եւ վերահաստատել ԱՄՆ-ի հավատարմությունը բանակցային գործընթացին աջակցելու հարցում: Ալիեւը եւ Ռայսը բավական մանրամասն են խոսել Ռամբույեի բանակցությունների մասին», - ասել է դիվանագետը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG