Մատչելիության հղումներ

Եվրամիության ներկայացուցիչը կարեւորում է «ժողովրդավարության, օրենքի գերակայության խնդիրները»


Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր Երեւանում Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում ուշադրություն է սեւեռել «ժողովրդավարության, օրենքի գերակայության խնդիրների» վրա:

Եվրամիության պաշտոնյային ընդունել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի նախագահը գոհունակությամբ նշել է, որ «Եվրամիության հետ հարաբերությունները ձեռք են բերում շատ ավելի համակարգված բնույթ»: Քոչարյանը, ըստ նախագահի մամլո ծառայության, «առաջնային խնդիր է համարել Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի հետ անհատական գործակցության ծրագրի հաստատումը»:

«Հայաստանը պատրաստ է լուրջ բարեփոխումների, եւ ործողությունների ծրագիրը դիտում է բարեփոխումների խորացմանն ուղղված բավակաին լուրջ միջոց», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Եվրամիության պաշտոնյան Գործողությունների ծրագիրը համարել է ապագա գործընկերության համար լավ հիմք: Նրա խոսքով, ծրագրի առանցքն են կազմում ժողովրդավարության, օրենքի գերակայության խնդիրները:

Կողմերը քննարկել են նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Ռամբույեում կայացած հանդիպումից հետո ստեղծված վիճակի հետ կապված հարցեր:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում Բենիտա Ֆերերո-Վալդները ասաց. - «Մեզ համար շատ կարեւոր է օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները: Բայց աղքատության կրճատումը նույնպես մեր կարեւոր խնդիրներից է: Որպես արտաքին քաղաքականության նոր առաջնահերթություն, կարեւոր է նաեւ էներգետիկ անվտանգությունը, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը, եւ մենք ողջունում ենք ձեզ հետ այս ուղղությամբ աշխատելու հնարավորությունը»:

Նույն խնդիրները կարեւորեց նաեւ Օսկանյանը:

«Առանց տարածաշրջանային համագործակցության, կայունության չկա: Ես դա շեշտել եմ բոլոր երեք երկրներում: Հույս ունեմ, որ 2006-ին լուրջ առաջընթաց կունենանք խաղաղ կարգավորման ուղղությամբ տարածաշրջանի բլոր կոնֆլիկտների առնչությամբ», - ասաց Եվրամիության ներկայացուցիչը:

Գալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը աջակցությանը՝ Բենիտա Ֆերերո-Վալդները ասաց. - «Աջակցությունը կարող է լինել առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների գործունեության խթանման միջոցով»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG