Մատչելիության հղումներ

Նախկին ԽՍՀՄ-ում միջին աշխատավարձի ցուցանիշով Հայաստանը 10-րդն է


Մոսկովյան «Վզգլյադ» տնտեսական պարբերականի վերլուծաբանները համադրել են նախկին ԽՍՀՄ երկրների 2005 թվականի պաշտոնական ցուցանիշները եւ եզրակացրել, որ ամենաբարձր միջին աշխատավարձը ստանում են մերձբալթյան հանրապետությունների քաղաքացիները, իսկ 302 դոլար միջին աշխատավարձով չորրորդ տեղում է Ռուսաստանը:

Հայաստանը այս ցուցակի 10-րդ հորիզոնականում է՝ 52,066 հազար դրամ (115 դոլար) ցուցանիշով՝ փոքր-ինչ զիջելով Մոլդովային եւ Ադրբեջանին: Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի խոսքով, սա մասնավոր եւ պետական հատվածներում աշխատանքի վարձատրության միջինի հաշվարկն է:

«Մասնավոր հատվածում աշխատավարձները՝ նույնիսկ պաշտոնական տեղեկություններով, ավելի բարձր են պետական հատվածից: Հայաստանում գրեթե չկան մասնավոր ընկերություններ, որոնք աշխատավարձը տալիս են ոչ թե ծրարներով, այլ ըստ ցուցակի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աղաջանովը:

Ռուսաստանցի տնտեսագետների խոսքով, սակայն, այս երեւույթը տարածված է ոչ միայն Հայաստանում՝ «սեւ աշխատավարձերի» առումով «առաջատարը» բարեկեցիկ Լատվիան է:

Նախկին ԽՍՀՄ երկրներում միջին աշխատավարձի ամենացածր ցուցանիշները արձանագրվել են Կենտրոնական Ասիայում եւ Վրաստանում: Միջին աշխատավարձի վրաստանյան պաշտոնական ցուցանիշը 50 դոլար է: Ամենածանրը, սակայն, Տաջիկստանի կացությունն է, ուր միջին աշխատավարձի չափը 2005 թվականին 28 դոլար էր:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG