Մատչելիության հղումներ

Հրանտ Խաչատրյան. «Փետրվարի 17-ին պարզապես սպասեք անակնկալների»


Մարդու իրավունքների պաշտպանի՝ ընդդիմության միասնական թեկնածուն՝ «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը, համոզված է, որ այս ուրբաթ հենց ինքն է ընտրվելու Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում՝ ստանալով խորհրդարանի ձայների մեծամասնությունը:

«Ես կարծում եմ, կարողացել եմ ձեւավորել այնպիսի վստահության մթնոլորտ, որ, կարծում եմ, ինձնից վախեցող չկա, որ կողմնակալ կլինեմ, միակողմանի կլինեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հրանտ Խաչատրյանը: - «Եթե ստանամ խորհրդարանի աջակցությունը, օրենքի համաձայն, քաղաքական դաշտից իսկապես դուրս եմ գալու: Բայց դա չի լինելու ո’չ ընդդիմության հաղթանակը, ո’չ էլ մեծամասնության՝ կոալիցիայի, հաղթանակը: Այսինքն՝ ես իմ մեջ ուժ եմ գտնում պահպանել քաղաքական չեզոքությունը ընտրվելուց հետո»:

Խաչատրյանի խոսքերով, եթե ինքը վստահ չլիներ, որ հաղթելու է Արմեն Հարությունյանին, ապա պայքարի մեջ չէր մտնի ընդհանրապես: [«Այլապես] դա կնշանակեր, որ ես ընդամենը խաղ եմ խաղում եւ մասնակցում եմ ինչ-որ մեկի խաղին», - ասաց նա՝ ավելացնելով. - «Ինձ համար միեւնույն է՝ այդ խաղը կլիներ մեծամասնությունը, թե ընդդիմությանը... Ես չեմ խաղում»:

«Ես վստահ եմ, որ հաղթահարելու եմ քաղաքական տեխնոլոգիաները այն առումով, որ հարցը արդեն դուրս է եկել թե’ մաքուր, թե’ կեղտոտ տեխնոլոգիաների շրջանակներից: Հարցը քննարկվում է արդեն մարդասիրության նկատառումերով, եւ դա ողջ խորհրդարանի հաղթանակն է», - շարունակեց նա:

Դիտարկմանը, թե Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը, ում թեկնածությունն է պաշտպանելու իշխող կոալիցիան, ընկալվում է նաեւ որպես երկրի նախագահի կողմից առաջ քաշված թեկնածու, Հրանտ Խաչատրյանը հակադարձեց. - «Ռոբերտ Քոչարյանի հետ իմ անձնական հարաբերությունները նույնպես վատ չեն եղել, եւ այդ առումով, ես կարծում եմ, կարող եմ ստանալ նաեւ նրա աջակցությունը»:

«Փետրվարի 17-ին պարզապես սպասեք անակնկալների», - եզրափակեց Հրանտ Խաչատրյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG