Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը քվեարկելու է խաղաղապահների հարցը


Այսօր Վրաստանի խորհրդարանում քվեարկության է դրվելու Հարավային Օսիայից ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման հարցը:

Ռուսական կողմը օրեր առաջ արդեն համոզմունք էր հայտնել, թե վրացի օրենսդիրները պատասխանատվությամբ եւ սառնասրտորեն կմոտենան հարցին: Մինչդեռ Վրաստանի իշխանությունները շարունակում են ամենաբարձր ամբիոններից հայտարարել, թե ռուս խաղաղապահները սպառնում են Վրաստանի բնակչության ու պետության անվտանգությանը:

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանի խոսքով, հարցի շուրջ ներքին գործերի, ինչպես նաեւ պաշտպանության նախարարությունների ներկայացրած փաստարկները բավական համոզիչ են:

«Կարծում եմ, որ խորհրդարանը կքվեարկի հօգուտ ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման, բայց ի վերջո, որոշումը ընդունում է երկրի նախագահը: Չորս տարի առաջ խորհրդարանը որոշում կայացրեց Աբխազիայից խաղաղարար ուժերի դուրսբերման մասին, սակայն նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն չվավերացրեց որոշումը: Իմ կարծիքով, Վրաստանի ղեկավարությունը այս անգամ էլ այդ քայլին, հավանաբար, չի դիմի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բայբուրդյանը, որը 4 տարի առաջ Վրաստանի խորհրդարանի միակ պատգամավորն էր, ով դեմ քվեարկեց Աբխազիայից ռուս խաղաղարարների դուրսբերմանը:

Պատգամավորը, սակայն, դժվարացավ պատասխանել, թե ինչպես է քվեարկելու այս անգամ: «Վրաստանը նույն երկիրը չէ, ինչ 4 տարի առաջ, Վրաստանի հետ արդեն հաշվի են նստում արեւմտյան տերությունները: Կարծում եմ, որոշումից հետո Ռուսաստանը կանի եզրակացություններ, որպեսզի խաղաղապահ ուժերը Հարավային Օսիայում լինեն ավելի օբյեկտիվ», - նշեց Վան Բայբուրդյանը:

Երեքշաբթի օրը խորհրդարանում ունեցած իր ամենամյա ելույթի ժամանակ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը այլընտրանք չունի: «Մեր հյուսիսային եղբայրներին դուր չեն գալիս Վրաստանի ժողովրդավարական զարգացումներն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ձգտումները», - ասել է Սահակաշվիլին: - «Հենց այդ պատճառով էլ փորձում են ներքին անկարգություններ ու սադրանքներ հրահրել»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG