Մատչելիության հղումներ

Վրաստանի ոստիկանները Հարավային Օսիայում երկու բեռնատար են առգրավել


Երկուշաբթի երեկոյան Վրաստանի ոստիկանները Հարավային Օսիայում առգրավել եւ Գորի են տեղափոխել խաղաղապահ ուժերի համար սննդամթերք տեղափոխող երկու բեռնատար ավտոմեքենա:

«Միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ դիտորդների ներկայությամբ: Վրացի ոստիկանների գործողությունները անօրինական են, քանի որ բեռնատարների երթուղու մասին վրացական կողմը նախօրոք տեղեկացվել էր», - ըստ Ինտերֆաքս»-ի, հայտարարել է վրաց-օսական հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հրամանատարի օգնական Նիկոլայ Բարանովը:

Վրաց-օսական հակամարտության գոտում իրավիճակի լարման պատճառները ուսումնասիրելու նպատակով այսօր Թբիլիսի է ժամանելու Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների խումբը: Չորեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը պետք է քննի Հարավային Օսիայից ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման հարցը:

Նախօրեին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին խորհրդարանում հայտնել էր, թե մի քանի օր առաջ Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանից Ցխինվալի շրջան էին տեղափոխվել «Ստրելա» տիպի հրթիռներ: Ըստ Օքրուաշվիլու, Ռուսաստանը զենք է մատակարարում Հարավային Օսիային, եւ յուրաքանչյուր հրթիռի համար վճարվել է 10 հազար դոլար: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ լուրը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վրաստանի ոստիկանությունը թույլ է տվել Ցխիլվալի վերադարձնել առեւանգված մեքենաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG