Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երեւանը առայժմ չի մեկնաբանում Ռամբույեի բանակցությունները


«Հատուկ ասելիք այս պահին չկա: Բանակցությունների հերթական շրջանն ավարտված է, պայմանավորվածություն կա շարունակել բանակցությունները, ինչը ինքնին դրական է». – միայն այսքանը ասաց «Ազատություն» ռադիոկայանին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը անցած շաբաթավերջին Փարիզի մերձակայքում գտնվող Ռամբույե դղյակում կայացած Քոչարյան - Ալիեւ երկօրյա բանակցությունների վերաբերյալ:

Այսօր մեկնաբանություններից խուսափեց նաեւ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը՝ փոխանցելով, որ արտգործնախարար Օսկանյանը բոլոր հարցերին կպատասխանի վաղը հրավիրվելիք ասուլիսում:

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները նույնպես առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարների հետ:

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի խոսքերով, «հեշտ էր կանխատեսել, որ այս հանդիպումը էական որեւէ առաջընթաց չի ապահովի», քանի որ այն սկբունքները, որ դրված են այս գործընթացի հիմքում, ակնհայտորեն ցույց են տալիս, որ ի վերջո Ղարաբաղը ստանալու է անկախություն, «թեկուզեւ՝ եւս մեկ հանրաքվեի միջոցով»: Եվ ադրբեջանական կողմը, գիտակացելով այս ամենը, բնականաբար, պետք է ձգձգի խնդրի կարգավորումը:

«Եթե էական տեղաշարժ արձանագրվեր այս բանակցություններից հետո, ապա հիմնական սկբունքները պետք է բացահայտվեին, ինչը Ադրբեջանի իշխանությունների համար ցանկալի չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թորոսյանը: - «Այս պարագայում, համոզված եմ, որ Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չէին ունենալու ասելու իրենց ժողովրդին: Իրենք այլեւս ստիպված են կա'մ մի փոքր էլ ձգձգել այս գործընթացը, կա'մ ընդհանրապես հայտարարել, որ իրենց համար անընդունելի են այդ սկզբունքները,... Կարծում եմ, նախընտրեցին առաջին ճանապարհը: Բայց սա էլ շատ երկար կյանք ունենալ չի կարող»:

«Եթե լինի միջազգային հանրության անհրաժեշտ մոտեցումը, այսինքն՝ ուղղակի ճնշումը, ապա Ադրբեջանը չհամաձայնել չի կարող», - կարծում է Տիգրան Թորոսյանը՝ միեւնույն ժամանակ բացառելով, թե նմանատիպ ճնշում կարող է լինել Հայաստանի վրա:

Մինչդեռ Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, բանակցություններն ի սկբանե ձախողված էին, քանի որ ո’չ Ռոբերտ Քոչարյանը եւ ո’չ էլ Իլհամ Ալիեւը ցանկություն ու կարողություն չունեն այդ հարցը լուծելու, քանի որ ունեն «լեգիտիմության խնդիր»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG