Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ը մտադիր է առաջիկա երկու տարիներին ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում


«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մտադիր է առաջիկա երկու տարիների ընթացքում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում», - ասված է անցած շաբաթավերջին բանկի էլեկտրոնային էջում հրապարակված զեկույցում, որը ներկայացնում է գործակցության նոր փուլի ռազմավարությունը:

Արձանագրելով վերջին երեք տարիներին Հայաստանում նկատվող կայուն տնտեսական աճը, սպառողական ծախսերի բարձր մակարդակը, դրսից՝ հիմնականում սփյուռքահայերի կողմից կատարվող ներդրումների հոսքը՝ բանկը, միեւնույն ժամանակ, շեշտում է, որ համագործակցության նախորդ փուլում Հայաստանը մի խումբ հարցերում թերացել է:

«Չնայած հանրաքվեն հավանություն տվեց սահմանադրական բարեփոխումներին, որոնք հնարավորություն են տալիս հավասարակշռել իշխանության ճյուղերը, այնուամենայնիվ, դրանք իրագործելու համար առկա քաղաքական կամքը մնում է անորոշ», - փաստում է զեկույցը: - «Հայաստանի իշխանությունները պետք է ավելի գործուն միջոցներ ձեռնարկեն կոռուպցիան, ամենաթողությունն ու հովանավորչությունը վերացնելու համար»:

Շուկայական տնտեսության զարգացման ճանապարհին բանկի փորձագետները Հայաստանի իշխանություններին առաջադրում են մի քանի կարեւոր խնդիրներ. բարելավել գործարար միջավայրը՝ այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի եւ օրենքի գերիշխանություն հաստատելու միջոցով, շարունակել բավական թույլ զարգացած ֆինանսական հատվածի հզորացումը, շուկայում հաստատել մրցակցություն, բարեփոխել մաքսային եւ հարկային վարչարարությունը:

Նոր հաստատված ռազմավարության համաձայն, առաջիկա երկու տարիներին բանկը շարունակելու է աշխատել Հայաստանում մանր ու միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ. այդ նպատակով նախորդ տարիներին հայկական բանկերին տրամադրված տասը միլիոն եվրոյի փոխարեն ՎԶԵԲ-ը մտադիր է այժմ 40 միլիոն եվրո տրամադրել եւ ընդլայնել Հայաստանում գործընկերների թիվը: Տնօրենների խորհուրդը առաջիկա նիստում վերջնական որոշում կկայացնի նաեւ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի վերաբերյալ:

15 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը նպատակ ունի զարգացնել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրները եւ նվազեցնել կախվածությունը ներկրվող էներգակիրներից: ՎԶԵԲ-ից բացի, ծրագրի ֆինանսավորմանը կմասնակցեն նաեւ Համաշխարհային բանկն ու «Կասկադ-կրեդիտ» հայկական վարկային կազմակերպությունը:

«Այս ձեռնարկից կշահեն թե’ հայկական բանկերը, եւ թե’ վարկ ստացող ընկերությունները, ինչը նշանակում է, որ այստեղ շահում են բոլորը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եվրոբանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վայնսթայնը՝ հավելելով, թե միջոցները կօգնեն մասնավոր բանկերին մեղմել հաճախորդներից պահանջվող գրավի պահանջները։ - «Մենք շատ շահագրգիռ ենք նաեւ հիպոթեկային վարկավորման մեջ մասնակցության հարցում եւ դա տեղական բանկերի հետ աշխատանքի գլխավոր ուղղություններից մեկն է լինելու»:

Եվրոբանկի հայաստանյան ներդրումների փաթեթը, ըստ հրապարակված երկամյա ռազմավարության, կազմում է շուրջ 169 միլիոն եվրո։



Հեղինե Բունիաթյան, Պրահա եւ Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG