Մատչելիության հղումներ

Ջոն Էվանս. «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանի հետ պայմանագիրը կստորագրի մինչեւ մարտի 27֊-ը»


Հայաստանում ԱՄՆ-֊ի դեսպան Ջոն Էվանսը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ներկայացուցիչները Հայաստանի հետ համաձայնագիրը կստորագրեն ամենաուշը մարտի 27֊-ին:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ԱՄՆ֊-ը որոշել է 5 տարվա ընթացքում Հայաստանին հատկացնել 236 միլիոն դոլար:

Միաժամանակ Ջոն Էվանսը նշել է, որ «սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո որոշակի խնդիրներ առաջացան, որի վերաբերյալ ամերիկյան կողմն իր նկատառումներն ու ցանկություններն արտահայտեց, այնուհանդերձ Միացյալ Նահանգները շահագրգիռ է շարունակել հնարավորինս օժանդակել Հայաստանին՝ ժողովրդավարական հաստատությունների կայացման եւ զարգացման գործում»:

Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, դեսպանը կարեւորել է առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ազատ եւ արդարացի անցկացումը:

Վարչապետ Մարգարյանը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունները «անհրաժեշտ քաղաքական կամքն ունեն եւ հայտարարել են առկա խնդիրների լուծման, թերությունների շտկման ուղղությամբ աշխատանքներ սկսելու պատրաստակամության մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG