Մատչելիության հղումներ

Չմոռանաք աղի բլիթը


Աղի բլիթ ուտելը հնում կարեւոր ու պատասխանատու ծես էր: Երիտասարդ աղջիկները հավատում էին, որ քանի դեռ աղի բլիթ ուտելու գիշերը երազում իրենց ոչ մի երիտասարդ ջուր չի տվել, իրենք շարունակելու են մնալ հայրական տանը ու դեռեւս չեն ամուսնանալու:

Քսանհինգ տարի առաջ ամուսնացած Սուսաննան պատմում է, որ ինքը մի անգամ երազում կապուտաչյա ու կապույտ կոստյումով մի երիտասարդի է տեսել, ով իրեն աղբյուրից ջուր է տվել: «Ես այդ երիտասարդին նախկինում երբեք չէի տեսել, բայց այդ երազից հետո հաստատ գիտեի, որ տեսնելու եմ: Այդպես էլ եղավ. մի քանի ամսից ես հանդիպեցի իմ ապագա կապուտաչյա ամուսնուն, մենք սիրահարվեցինք ու Տեառնընդառաջի օրը նա եկավ իմ ձեռքը խնդրելու` կապույտ կոստյումը հագին»:

Այսօր հայ երիտասարդները աղի բլիթի կախարդանքին այդքան էլ չեն հավատում: «Այդ ամենը սնահավատություն է կամ պարզապես ներշնչանքի հետեւանք: Եթե ինքդ քեզ հավատացնում ես, որ անպայման երազում տեսնելու ես ապագա ընտրյալիդ, համոզմունքդ անվրեպ կգործի, ու աղի բլիթը իրենը կանի», - ասում է Անին ու շարունակում. - «Բայց հետաքրքրության համար կարելի է փորձել»:

Տղաներն էլ վախենում են աղի բլիթ ուտել, որ «հանկարծ ապագա զոքանչին երազում չտեսնեն»: Ոմանք էլ համոզված են, որ տղամարդու կյանքում առաջին ու անփոխարինելի սերը՝ թանկարժեք ավտոմեքենան է: «Ես այսօր անպայման ուտելու եմ աղի բլիթ, որ երազում մի լավ «յուղը վրեն» ջիպ տեսնեմ», - խոստովանում է ուսանող Դավիթը:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG