Մատչելիության հղումներ

Բաղդասարյանը կասկածում է, թե իր ավտոմեքենան հրկիզվել է ՀՖՖ-ի նախագահի պատվերով


Երեկ ուշ երեկոյան հրկիզվել է մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ+» թերթի խմբագիր Սուրեն Բաղդասարյանի «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան: Այրվել է միայն մեքենայի ներքին հարդարանքը (սալոնը): Բաղդասարյանը կասկածներ ունի, որ այդպիսով իրենից «վրեժ է լուծում» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21.00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում գտնվող բենզալցակայանում: Դա մոտավորապես «Ֆուտբոլ+» թերթի խմբագրության դիմաց է գտնվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Սուրեն Բաղդասարյանը: Նրա խոսքերով, անհայտ են կատարողները, սակայն, ըստ ականատեսների, նրանք BMW մակնիշի վրացական համարանիշներով մեքենայով են եղել:

«Աջ կողմից պատուհանը ջարդել են եւ բենզինով լիքը շիշը նետել են սալոնի մեջ», - պատմեց Բաղդասարյանը՝ հավելելով, թե կասկածում է, որ այս պատահարով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է իրենից վրեժ լուծում:

«Ես Ռուբեն Հայրապետյանի թշնամին չեմ», - ասաց նա: - «Պարզապես, նկատի ունենալով վերջին իրադարձությունները, իրավունք ունեմ կասկածելու, որովհետեւ բոլորն էլ առաջին հերթին կասկածում են, որ ինքն է կազմակերպել»:

Վերջին իրադարձություններ ասելով Սուրեն Բաղդասարյանը նկատի ուներ հանրապետության ֆուտբոլային քաղաքականության վերաբերյալ իրենց միջեւ եղած հակասությունները, երբ Սուրեն Բաղդասարյանը «Փյունիկ» - «Նեֆթչի» չկայացած հանդիպման համար բացահայտորեն մեղադրեց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին:

«Քանի անգամ ասել էր՝ կցեխեմ պատին, չգիտեմ ինչ կանեմ եւ այլն... Իր բնավորությունը լավ իմանալով, մոտիկից ճանաչելով՝ ես լուրջ չեմ ընդունել իր սպառնալիքները», - ասաց Սուրեն Բաղդասարյանը:

Ռուբեն Հայրապետյանը, ի պատասխան, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Դատի եմ տալու Սուրեն Բաղդասարյանին զրպարտության համար: Իմ կարծիքով, դա անհեթեթություն է, Սուրեն Բաղդասարյանի հերթական շանտաժն է...»:

Ավելին՝ Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է ինքը գտնել կատարողներին. - «Չեմ ճանաչում պատվիրատուներին առայժմ: Երբ որ հայտնաբերեն, նրանց արժանի պատասխանը կտամ: Ես մի բան գիտեմ. դա ինչ-որ մարդկանց կողմից սարքված, հորինված պատմություն է»:

«Թող դատի տա», - արձագանքեց Սուրեն Բաղդասարյանը: - «Թող իրավապահ մարմինները գտնեն մեղավորին, հանցագործին: Եթե պարզվի, որ ինքը որեւէ կապ չունի, ես ներողություն կխնդրեմ հրապարակավ իրենից»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG