Մատչելիության հղումներ

Բանակցություններից առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները առանձնազրույցներ կունենան Ժակ Շիրակի հետ


Ինչպես չորեքշաբթի օրը հաղորդել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, փարիզյան բանակցություններից առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ուրբաթ օրը Ելիսեյան պալատում առանձնազրույցներ կունենան նախագահ Ժակ Շիրակի հետ:

Շիրակին հանդիպելուց հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կուղեւորվեն Ֆրանսիայի մայրաքաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռամբույե քաղաքը, որտեղ ուրբաթ եւ շաբաթ օրերին Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններ կվարեն 14֊-րդ դարի դղյակում:

Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Դենի Սիմոնոն «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում հրաժարվել է հստակեցնել՝ արդյո՞ք երկու նախագահները համապարփակ համաձայնագիր են քննարկելու, թե՞ պարզապես ուղի են հարթելու հետագա բանակցությունների համար:

«Ժակ Շիրակը Ռամբույե չի մեկնելու», - հայտնել է Սիմոնոն:

Միաժամանակ Հայաստանի արտգործնախարարության մի պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ, DPA գերմանական գործակալությանն ասել է, որ Ռամբույեում քննարկվելու է երկու հարց, որոնցից առաջինը հայկական զորքերի դուրսբերումն է Ղարաբաղը շրջապատող տարածքներից: Հայաստանցի պաշտոնյան ասել է, որ Հայաստանը պատրաստ է դուրս բերել զորքերը:

Երկրորդ հարցը, ըստ պաշտոնյայի ,Ղարաբաղի ինքնորոշումն է: Ղարաբաղի բնակիչներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը:

«Հայաստանը կողմ է հանրաքվեին, բայց Ադրբեջանը ընդդիմանում է այդ գաղափարին», - ասել է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG