Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլի. «Պետք չէ սուր ճոճել Ռուսաստանի առջեւ»


«Վրաստանը պետք է վճռական լինի Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ միաժամանակ չդիմի սադրիչ քայլերի», - «Նովիե Իզվեստիա» թերթի հարցազրույցում ասել է Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին:

«Կարծում եմ, երկիրը պետք է փորձի հզոր լինել, քանզի պատմությունը վկայում է, որ Ռուսաստանը միայն թույլին է վատ վերաբերվում եւ երբեք այդպես չի վարվում ուժեղի նկատմամբ: Սակայն ուժեղ լինել՝ չի նշանակում սուր ճոճել», - ասել է Զուրաբիշվիլին եւ հավելել. - «Լինել հզոր, չի նշանակում հանդես գալ ագրեսիվ հայտարարություններով: Վճռականությունը կարելի է դրսեւորել քաղաքակիրթ եղանակով: Դա’ է դիվանագիտությունը»:

Նախկին նախարարի համոզմամբ, «հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը մեր հարեւանն է եւ որի հետ մենք կիսում ենք որոշակի ընդհանուր պատմություն, պահանջում է ե’ւ վճռականություն, ե’ւ զգուշավորություն»: Զուրաբիշվիլիի կարծիքով, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առկա լարվածության մեջ նկատելի է «արհեստականության տարր»:

«Առնվազն առաջին հայացքից, մեծ թվով հայտարարություններ անիմաստ են արվել, դրանց թիրախը՝ մարդկանց պարզունակ զգացմունքներն ու էմոցիաներն են: Ես կարծում եմ, որ տնտեսական եւ սոցիալական խնդիրների ու քաղաքական անորոշության հետեւանքով տկարացած երկրում այս վտանգավոր խաղը պետք է դադարեցնել», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG