Մատչելիության հղումներ

Հովարդ Քալուգյանը հավակնում է դառնալ կոնգրեսական


Սկսվել է ընտրարշավը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան այն թափուր տեղի համար, որը մինչեւ անցած նոյեմբեր ամիսը զբաղեցնում էր Կալիֆորնիայից ընտրված հանրապետական Ռենդի Քանինգեմը։ Վերջինս երեք ամիս առաջ վայր դրեց խորհրդարանական մանդատը՝ իրեն մեղավոր ճանաչելով պաշտպանության բնագավառի գործարարներից մոտ 2,5 միլիոն դոլար կաշառք վերցնելու համար։ Կաշառքը նա վերցրել էր՝ խոստանալով աջակցել նրանց օգտին ներկայացվող օրինագծերի ընդունմանը։

Այսօր սկսվել է ընտրարշավը, որին ի թիվս 7 այլ հանրապետական եւ երկու դեմոկրատ գործիչների, մասնակցում է նաեւ Կալիֆորնիայի նահանգային նախկին օրենսդիր Հովարդ Քալուգյանը։ 46-ամյա Քալուգյանը նահանգային կոնգրեսում Սան Դիեգոյի մարզն է ներկայացրել 1994-ից 2000 թվականների ընթացքում։ 2003-ին նա անդամագրվել էր այն հանձնախմբին, որի նպատակն էր պարտության մատնել Կալիֆորնիայի նահանգապետ Գրեյ Դեյվիսին։ Նույն թվին անցկացված ընտրությունների արդյունքում Դեյվիսին հաղթեց Արնոլդ Շվարցենեգերը։

2004 թվականին ԱՄՆ-ի Սենատի ընտրություններին Կալիֆորնիայից որպես թեկնածու մասնակցում էր նաեւ Հովարդ Քալուգյանը, սակայն նա պարտվեց՝ հավաքելով ձայների 11 տոկոսը։

Մասնագիտությամբ իրավաբան Քալուգյանին ճանաչողներն ասում են, թե նա քաղաքական գործունեությամբ ապացուցել է իր սկզբունքներին հավատարիմ մնալու կամքը, եւ հարկերը կրճատելու ու պետական ծախսերը նվազեցնելու նպատակով մղած արշավի արդյունքում մեծ ճանաչում է ձեռք բերել Կալիֆորնիայում։

Հովարդ Քալուգյանը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործուն մասնակիցներից է։


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG