Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները պահանջում են հրապարակել հանրաքվեի հետ կապված նյութերը


Մի խումբ հասարակական կազմակերպություններ երկուշաբթի դիմել են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով իրենց տրամադրել Երեւանի որոշ տեղամասերում հանրաքվեին մասնակցելու վերաբերյալ ընտրողների ցուցակները կամ մատյանների պատճենները: Դա, ըստ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լիովին իրատեսական պահանջ է եւ արդարացված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանը որոշակի պարզություն կմտցնի, քանզի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մարդկանց մասնակցության թվերի վերաբերյալ կասկածները այդպես էլ չեն փարատվել», - ասում է ԿԸՀ դիմած կազմակերպություններից մեկի՝ Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոնի նախագահ Գայանե Մարկոսյանը: Դիմումը կազմվել է եւ երեկ փոխանցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ավելի վաղ՝ հունվարի 22-ին, նույնաբովանդակ դիմում հանձնաժողովին ներկայացրել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սակունցը՝ պահանջելով տրամադրել Վանաձոր քաղաքի 11 տեղամասերի ընտրացուցակները: Այդ տեղամասերում կազմակերպությունը իր անդամների միջոցով հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն էր իրականացրել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ԿԸՀ-ին իր դիմումը ներկայացրել էր մոտ 15 օր առաջ եւ, տնօրենի պնդմամբ, առ այսօր իրենք պատասխան չեն ստացել, մինչդեռ դիմումների պատասխանները օրենքով պետք է տրվեն 5 օրում, կամ, լրացուցիչ ուսումնասիրության կարիքի դեպքում՝ 30 օրվա ընթացքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխանել են Վանաձորի գրասենյակի դիմումին, իսկ երեկ ուղարկված դիմումին տրվելիք պատասխանը կլինի նույնը:

Գարեգին Ազարյանը մեջբերեց ընտրողների ցուցակների մատչելիությանը վերաբերող Ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածը, որտեղ ասվում է. - «Ընտրողների ստորագրած ցուցակները ենթական չեն հրապարակման եւ դրանցից պատճեններ չեն հանվում»: Այնպես որ մատյանների տրամադրման մասին խոսք լիել չի կարող:

Հասարակական կազմակերպությունները, իրենց հերթին, մեջբերում են մեկ այլ ՝ «Տեղեկատվության մատչելիության մասին» օրենքը եւ պատրաստ են դիմել առաջին ատյանի դատարան:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG