Մատչելիության հղումներ

Որտե՞ղ պետք է ապաստան գնտեն աճուրդի հանվող հանրակացարանի բնակիչները


Որոշված էր աճուրդի օրը եւ նույնիսկ ժամը, սակայն անհայտ է, թե վաճառքից հետո այնտեղ բնակվող մարդիկ որտե՞ղ պետք է ապաստան գնտեն: «Բնակիչները բողոքում են, չէ՞ որ պարտքը, որի մարման համար էլ վաճառվում են շենքերը, կուտակել են ոչ թե բնակիչները, այլ ուսանողական ավանում ապրող նախկին ուսանողները», - ասում է բնակիչներից Էդիկ Շահնազարյանը:

Աչքի առջեւ ունենալով Բուզանդի փողոցի օրինակը, տեղի բնակիչները կազմակերպվում են եւ փորձում քաղաքակիրթ ճանապարհով լուծել հարցը՝ կազմավորում են ներկայացուցչական մարմին, դիմում են կառավարությանը: Ի վերջո շենքերի աճուրդի հանման գործընթացը հետաձգվել է 21 օրով:

Բոլորին ձեռնտու տարբերակ գտնելը բավական բարդ է, «Նոր-Նորք ուսանողական ավան» ընկերությունը պետք է պարտքը վճարի, իսկ բնակիչներն էլ այնքան գումար չունեն, որ իրենց միջոցներով սեփականաշնորհեն բնակարանները. - «Հնարավոր է, որ բնակչության մի քանի տոկոսին հաջողվի գումար ճարել բնակարանանները սեփականաշնորհելու համար, սակայն միայնակ մայրերը, հաշմանդամ ազատամարտիկները եւ թոշակառուները դժվար թե կարողանան լրացուցիչ միջոցներ գտնել խնդիրը լուծելու համար», - ասում է բնակչուհի Ոսկեհատ Սահակյանը:

Անորոշ ապագա ունեցող շուրջ 1600 բնակիչների ներկայացուցիչները փորձել են գտնել խնդրի լուծման մի քանի տարբերակներ, դրանցից մեկը Հայաստանի քաղաքացիների օգնությանը դիմելն է: Բացվել է հաշվեհամար, որտեղ հավաքված գումարը կնպաստի խնդրի լուծմանը: Ներկայացուցիչները փորձում են խնդրի լուծման եզրեր գտնել նաեւ «Հայգազարդ» ընկերության հետ:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG