Մատչելիության հղումներ

Թուրքիայում նկարահանվել է հակաամերիկյան ֆիլմ


Թուրքիայի կինոթատրոններում անցած շաբաթավերջին ներկայացվել է հակաամերիկյան սյուժեող «Գայլերի դաշտավայր. Իրաք» ֆիլմը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել թուրք հասարակության շրջանում։

Սա վերջին տարիների թուրքական ամենածախսատար ֆիլմն է՝ մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ: Հեղինակները, սակայն, հույս ունեն արագորեն հետ բերել ծախսված գումարները:

Ֆիլմի հիմքում իրական դեպքեր են, որ տեղի են ունեցել 2003 թվականին, երբ Հյուսիսային Իրաքում հատուկ առաջադրանք կատարող թուրք զինվորականները գերեւարվել էին ամերիկացի ծովային հետեւակայինների կողմից: Թուրք զինվորականներին զինաթափեցին եւ ավելի քան երկու օր պահեցին բանտում:

Թուրք կինոգետների եւ լրագրողների վկայությամբ, ֆիլմի առաջին իսկ րոպեներից պարզ է դառնում, որ գործ ունենք «ակնհայտ հակաամերիկյան ստեղծագործության հետ». - «Ֆիլմի ընթացքում քիչ չեն կադրերը, ուր ամերիկացիները՝ զուտ զվարճանքի համար գնդակահարում են իրաքցիների հարսանիքը, իսկ տխրահռճակ Աբու-Գրեյբ բանտի ազգությամբ հրեա բժիշկը հեռացնում է բանտարկյալների ներքին օրգանները՝ դրանք հետագայում Նյու Յորքում եւ Թել Ավիվում վաճառելու նպատակով: Թուրք զինվորն էլ՝ ամերիկացիները ձեռքը չընկնելու համար ինքնասպան է լինում»:

Սոցիոլոգները պնդում են՝ հակաամերիկյան տրամադրությունները Թուրքիայում գնալով աճում են: Վերջին հարցումների համաձայն, թուրքերի 70 տոկոսի համար ամերիկացիներին բնորոշ գիծը հակվածությունն է բռնությանը, իսկ 57 տոկոսի համար՝ անբարոյականությունը:

Հակաամերիկյան տրամադրությունների աճի անուղղակի ապացույցը «Գայլերի դաշտավայր. Իրաք» ֆիլմի տոմսերի վաճառքի ցուցանիշներն են՝ առաջիկա մի քանի օրերի ցուցադրումների բոլոր տոմսերը Թուրքիայի ողջ տարածքում արդեն վաճառված են:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG