Մատչելիության հղումներ

Վրաստանը նշում է Զուրաբ Ժվանիայի մահվան տարելիցը


Ճիշտ մեկ տարի առաջ մահացել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան: Այսօր Թբիիսիում սգո արարողություններ են:

Մահվան պատճառը, ըստ պաշտոնական վարկածի, անսարք վառարանի արտանետած գազն էր, որը նախ քնեցրել, ապա սպանել է վարչապետին ու Կվեմո Կարտլի շրջանում նախագահի ներկայացուցչի տեղակալ Ռաուլ 3ուսուպովին: Ողբերգությունը տեղի էր ունեցել հենց վերջինիս թբիլիսյան բնակարանում:

Այսօր Ժվանիայի եղբայրը՝ գործարար Գեորգի Ժվանիան «Իզվեստիա» թերթի հարցազրությում վերստին պնդել է, որ «ոչ մի դժբախտ պատահարի մասին խոսել չի կարելի» եւ որ «վարչապետին սպանել են»:

«Ամենասկզբից մեկ վարկած էր՝ դժբախտ պատահար, գործն արագ կփակվեր, եթե չլիներ մեր միջամտությունը», - խոսելով դեռեւս շարունակվող հետաքննության մասին՝ ասել է հանգուցյալի եղբայրը, որի համոզմամբ, իշխանություններին «ձեռնտու չէ գործի արդար եւ օբյեկտիվ հետաքննությունը»:

Պատասխանելով «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին, թե «պատմությունը ստորադասական եղանակ չունի եւ, այնուամենայնիվ, եթե ողջ լիներ ձեր եղբայրը, ինչպե՞ս կզարգանային իրադարձությունները Վրաստանում»՝ Գեորգի Ժվանիան ասել է. - «Եթե Զուրաբը ողջ լիներ՝ գործընթացները չէին ընթանա այնպես, ինչպես հիմա են ընթանում: Բայց այլեւս ոչինչ փոխել չես կարող»:

Զուրաբ Ժվանիայի մտերիմ բարեկամ, Հասարակական հարաբերությունների վրացական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Գեորգի Մարգվելաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանն այսօր ասել է, որ Ժվանիան հսկայական ներուժի քաղաքական գործիչ էր:

«Նա կայունացնող դեր է կատարել թե' Էդուարդ Շեւարդնաձեի եւ թե' Միխեիլ Սահակաշվիլիի օրոք: Նա գործիչ էր, որ հաղթում էր քաղաքական բոլոր մենամարտերում», - ասել է Մարգվելաշվիլին:

Հասարակական հարաբերությունների վրացական ինստիտուտն անցյալ տարվանից կրում է Զուրաբ Ժվանիայի անունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG