Մատչելիության հղումներ

Թռչնագրիպի միջազգային փորձագետները զեկույց կներկայացնեն Հայաստանի մասին


Թռչնագրիպի կանխարգելման աշխատանքներին ծանոթանալու նպատակով արդեն մեկ շաբաթ է հետաքննական այցով Հայաստանում են գտնվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ռուսլանա Գեւորգյանը, ԱՀԿ-ի փորձագետները եղել են Գենետիկայի ինստիտուտում, որտեղ կա նախնական ախտորոշման լաբորատորիա, այցելել են մարզեր, նաեւ օդանավակայան, որտեղից իրականացվում է Երեւան - Ստամբուլ չվերթը:

Նախատեսվում է փորձագետների այցը «Նորք - Մարաշ» ինֆեկցիոն հիվանդանոց՝ ծանոթանալու, թե ինչպիսի պայմաններ են ստեղծված անհրաժեշտության դեպքում բուժօգնությունը կազմակերպելու համար:

Նախատեսվում է նաեւ, որ նրանք առաջիկայում հանդես կգան եզրակացությամբ եւ կգնահատեն, թե թռչնագրիպի պանդեմիայի բռնկման տեսակետից վտանգավոր տարածաշրջանի երկրները ինչպես են աշխատում հիվանդության մուտքը կանխարգելելու ուղղությամբ եւ, հնարավոր բռնկման դեպքում, որքանով են պատրաստ դիմագրավել դրան: Զեկույցում կնշվի նաեւ, թե ինչպիսի օգնություն կարող է ցուցաբերել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին թռչնագրիպի դեմ պայքարում:

Հայաստանից Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները մեկնելու են Վրաստան:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG