Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում Հայաստանի տարվան հաջորդելու է Թուրքիայի տարին


«Ֆրանսիայում Հայաստանի տարվան հաջորդելու է Թուրքիայի տարին», - Թուրքիա կատարած պաշտոնական այցի ավարտին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին: Երկօրյա այցի ընթացքում Թուրքիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հանդեպ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Եվրամիության ընդարձակմանն ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր:

Խոսելով Ֆրանսիայում ընդունված հայերի ցեղասպանությունը դատապարտող օրինագծի մասին, Ֆիլիպ Դուստ-Բլազին ասել է. - «Այդ խնդիրը մարդկանց հուզում է նույնքան, որքան պատմաբաններին… Ֆրանսիան գնահատում է թուրքական հասարակության մեջ այս հարցի շուրջ ծավալվող երկխոսությունը: Հստակ է, որ 2001 թվականին Ֆրանսիայում ընդունված օրենքը արտացոլում է հասարակության վերաբերմունքը՝ 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության նկատմամբ»:

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը, չնայած երկու երկրների միջեւ վերջերս սրված հարաբերություններին, այցի ընթացքում բավական ջերմորեն է խոսել թե' երկու երկրների հարաբերությունների, թե' Թուրքիայում իրականացվող բարեփոխումների եւ թե' Եվրամիությանն անդամակցելու այդ երկրի հնարավորության մասին:

Թուրք վերլուծաբանները Ֆրանսիայի արտգործնախարարի այդ դիրքրոշումը բացատրում են նախ եւ առաջ տնտեսական գործոններով: «Ֆրանսիան թվով հինգերորդ է Թուրքիայում կատարած ներդրումներով», - գրում է «Թըրքիշ դեյլի նյուս»-ը: - «Սա բավական լավ ցուցանիշ է, եւ բնական է, որ ոչ մի երկիր չի ուզենա հրաժարվել նման շահեկան դիրքից»:

«Այդուամենայնիվ, որքան էլ ականջ շոյող էին Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունները, փաստ է, որ երկու երկրների հարաբերություններում կան բազմաթիվ չլուծված եւ կարեւոր հարցեր», - նշում են թուրք վերլուծաբանները:

«Ֆրանսիան շարունակում է ամեն կերպ աջակցել հունական Կիպրոսին եւ հայերին, իսկ հաջորդ տարի նախագահական ընտրություններում հաղթելու հավակնություններ ունեցող Նիկոլա Սարկոզին առիթը բաց չի թողնում Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերին խոչընդոտելու համար: Սրանք խնդիրներ են, որոնք լուծում չեն ստանա մոտ ապագայում, համենայնդեպս՝ գոնե այս այցի ընթացքում», - ամփոփելով Ֆրանսիայի արտգործնախարարի Թուրքիա կատարած այցը՝ արձանագրում են թուրք վերլուծաբանները:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG