Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Արմենպրես»-ի հարցին, թե հայկական կողմը կիսո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի լավատեսությունը, որ 2006 թվականը կարող է դառնալ Ղարաբաղի համաձայնագրի տարի, Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը, «Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, նշում է. - «Հայկական կողմից կա կամք եւ ցանկություն գնալ լուծումների, սակայն Ադրբեջանի կողմից հաճախ հնչող կոշտ հայտարարություններն ու անզիջում տրամադրությունները իսկապես մեզ մղում են խիստ զգուշավորության»:

«Ազգ»-ը, իր հերթին, արձագանքելով Սթիվեն Մաննի հայտարարությանը, թե 2006 թվականը կարող է դառնալ Ղարաբաղի համաձայնագրի տարի, նկատում է, թե «կարող է»-ն պարտադիր չէ. - «Միեւնույն ժամանակ կարող է նաեւ ընկալվել «եվրոպական համբերության» ավարտի նշան»:

«Միջազգային ճգնաժամային խմբի ամենակարեւոր առաջարկն այն կետն է, որով նախատեսում է ԼՂՀ-ի համար անկախության հասնելու մեխանիզմ», - «168 ժամ»-ում գնահատում է Հայաստանի առաջին նախագահի մամլո նախկին քարտուղար Լեւոն Զուրաբյանը: «Իսկ հնարավո՞ր է անկախության հասնի». թղթակցի այս հարցին Զուրաբյանը պատասխանում է. - «Ոչ՝ այսօրվա քաղաքականության պայմաններում, բայց ինչու ոչ՝ ապագայում: Այսօր միակ հնարավորությունը հետաձգված ստատուսն է, որը թույլ է տալիս Ղարաբաղին պահպանել իր փաստացի անկախությունը Ադրբեջանից, ստանալ միջազգայնորեն ճանաչված անցումային ստատուս եւ արդեն խաղաղության պայմաններում պայքարել լիարժեք անկախության համար»:

Ըստ «168 ժամ»-ի, նախագահ Ռոբերտ Քոչարյանը դժգոհել է Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի աշխատանքից: Թերթի աղբյուրների հավաստմամբ՝ «դժգոհության բուն պատճառը ՀՀ նախագահական նստավայրում «ժուչոկների» հայտնաբերումն է»:

«Չնայած հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր հիմնական եւ հատկապես խորհրդարանական ուժերը գտնում եւ ընդունում են, որ 2006-ին քաղաքական դաշտը լուրջ վերադասավորումների է ենթարկվելու, սակայն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լռությունը, որը բավականին դանդաղեցնում է վերադասավորումների պրոցեսը, լրջորեն բարդացրել է կողմնորոշվելու եւ սեփական ուժերը վերջնականապես ճշտելու տարբեր քաղաքական ուժերի գործը», - վերլուծում է «Հայկական ժամանակ»-ը՝ բխեցնելով. - «Հասկանալի է, որ այն պահին, երբ նա տա այն կուսակցության անունը, որի հետ գնալու է խորհրդարան, այդ ժամանակ էլ քաղաքական դաշտի վերադասավորումները կստանան վերջնական եւ ավարտուն տեսք»:

«168 ժամ»-ի փոխանցմամբ՝ օրերս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել նրա եւ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի միջեւ: «Օրինաց երկիր» կուսակցության նախագահն ուղղակի առաջարկել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով. - «Սամվել Բաբայանը հստակ պատասխան չի տվել եւ խոստացել է մտածել»:

«Գոլոս Արմենիի»-ի հարցազրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ասում է. - «Բարգավաճ Հայաստան»-ի սցենարը գրվել է նախագահի աշխատակազմում եւ նպատակ ունի վերացնել «քաղաքական կուսակցություն» հասկացությունը... Եթե այդ սցենարը աշխատի, ապա կիրականացվի դրա հիմնական նպատակը՝ իշխանական համակարգի պահպանումը եւ վերարտադրությունը... 2007 թվականը կարող է դառնալ քաղաքական կուսակցությունների գերեզմանատուն»:

«Նույնիսկ անզեն աչքով երեւում է, թե ինչպես է վախեցրել հայրենի կուսակցություններին քաղաքականության ոլորտ օլիգարխների մուտքի հավանականությունը», - մատուցում է «Հայոց աշխարհ»-ը: - «Յուրաքանչյուր լուր, թե այս կամ այն փողի տոպրակը պատրաստվում է ստեղծել կամ արդեն ստեղծում է սեփական կուսակցությունը եւ մասնակցելու է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին, նյարդային ջղակծկում է առաջացնում առաջնորդների մոտ»:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը
«Առավոտ»-ի հարցին, թե ճի՞շտ է, որ գարնանային նստաշրջանի առաջին օրը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ`«Արդարություն» խմբակցությունից դուրս գալու եւ «Բարգավաճ Հայաստան»-ին անդամակցելու վերաբերյալ, պատասխանում է. - «Այդպիսի բան չկա»: «Հայոց աշխարհ»-ի մատուցմամբ, «Արդարություն» խմբակցության՝ երեկ տեղի ունեցած նիստում Վիկտոր Դալլաքյանը տեւական մտորումներից հետո վերջապես որոշակիացրել է իր դիրքորոշումը «Բարգավաճ Հայաստան» մտնելու հետ կապված. - «Դալլաքյանը «Արդարություն» խմբակցության իր գործընկերներին հավաստիացրել է, որ չի պատրաստվում լքել ընդդիմադիր դաշտը եւ անդամագրվել գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հիմնադրվող այդ կուսակցությանը... Հետաքրքիր է՝ կդիմանա՞ Գագիկ Ծառուկյանը ճակատագրի նման ծանր հարվածին», - հեգնում է թերթը:

«Առավոտ»-ը, ընդգծված ներկայացնելով, որ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի 75-ամյակի առթիվ երկրի երկրորդ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ շնորհավորական ուղերձ է հղել` հավելում է. - «Քաղաքական եւ պետական մշակույթի գոնե այս մակարդակին Հայաստանը դեռ չի հասել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG