Մատչելիության հղումներ

Ֆինանսների ու էկոնոմիկայի նախկին փոխնախարարը կաշխատի մասնավոր հատվածում


Հայաստանի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, ում պաշտոնից ազատման հրամանագիրը երեկ ստորագրել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, այսուհետ աշխատելու է «Հայկական պղինձ ծրագիր» ընկերությունում որպես ֆինանսական փոխտնօրեն:

«Ինձ եղել էր առաջարկ մասնավոր հատվածում ընկերություններից մեկից: Ես, ընդունելով այդ առաջարկը, խնդրել էի, որ ինձ զբաղեցրած պաշտոնից ազատեն: Բարեբախտաբար, ընդառաջ են գնացել եւ ազատել են», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Տիգրան Խաչատրյանը:

Ուշագրավ է, որ նույն պատճառաբանությամբ նույն՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից տարիներ առաջ հրաժարականի դիմում էր տվել այն ընկերության գործադիր տնօրենը, որն այսօր Տիգրան Խաչատրյանին պաշտոն է առաջարկել։ Խոսքը «Հայկական պղինձ ծրագիր» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանի մասին է: Արզումանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Տիգրան Խաչատրյանին ֆինանսական փոխտնօրենի պաշտոնի առաջարկ են արել՝ ելնելով նրա պրոֆեսիոնալ հատկանիշներից:

Ժամանակին Գագիկ Արզումանյանը հրաժարվել էր պաշտոնից՝ նյութական պայմաններից ելնելով։ Տիգրան Խաչատրյանը եւս այսպիսի շարժառիթներ է վկայակոչում. - «Զուտ նյութական իմաստով գալիս է մի պահ, երբ, ես կարծում եմ, ոչ միայն ես, այլ եղել են եւ էլի կլինեն պաշտոնյաներ, որոնք համեմատության մեջ տեսնում են, որ հետագա աշխատանքային տարիները պիտի մեկ այլ տեղ անցկացնեն կամ փորձեն գոնե այդ [ֆինանսական] խնդիրները լուծեն ոչ պետական հատվածում»:

Այսօր նախարարի տեղակալի աշխատավարձը 180 հազար դրամ է (մոտ 400 դոլար), ինչը առնվազն 3,5 - 4 անգամ պակաս է հայաստանյան քիչ թե շատ կայացած ու շուկայում լուրջ դիրքեր զբաղեցնող որեւէ ընկերության տնօրենի կամ փոխտնօրենի աշխատավարձից։

Խոսակցություններ են պտտվում, մինչդեռ, թե Տիգրան Խաչատրյանի պաշտոնից հեռանալը պայմանավորված էր նրա ստանձնած ոլորտի՝ ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրի ազգային համակարգողի ֆունկցիան մեկ այլ անձի հանձնելու մտադրությամբ։ Փաստորեն, Խաչատրյանի դիմումը բավարարվեց, երբ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի խորհուրդը հաստատեց Հայաստանին 236 միլիոն դոլարի նվիրատվության հատկացման համաձայնագիրը, ու այն առաջիկա 1,5 - 2 ամսվա ընթացքում կստորագրվի ու կվավերացվի օրենսդիրների կողմից: Իսկ մինչեւ այս տարվա աշուն գումարների առաջին հատկացումները կփոխանցվեն կառավարությանը։

Տիգրան Խաչատրյանը ժխտեց դիտարկումը, թե իր հրաժարականը այդ շարժառիթներով է պայմանավորված:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG