Մատչելիության հղումներ

Հովհաննես Հովհաննիսյան. «Կոսովի մոդելը Հարավային Կովկասում կիրառելի չէ»


Հայաստանի Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել է, որ հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման համար առաջարկվող Կոսովոյի մոդելը Հարավային Կովկասում կիրառվել չի կարող:

«Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը, եւ մեկ ընդհանուր մոդելով հակամարտությունները կարգավորել հնարավոր չէ: Խոսելով ունիվերսալ մոդելի մշակման մասին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղղակի գերագնահատել է իր հնարավորությունները», - ըստ «Ռեգնում»-ի, չորեքշաբթի կայացած ասուլիսում հայտարարել է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը՝ Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահը համոզմունք է հայտնել, որ կողմերի միջեւ ոչ մի համաձայնագիր չի ստորագրվելու. - «Հնարավոր է, որ ստորագրվի բանակցային հետագա գործընթացը խթանող համաձայնագիր: Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավոր են ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով եւ փոխզիջումների հիման վրա: Իսկ կողմերի զիջումների չափը կախված կլինի միջազգային հանրությունում կոնկրետ պետության ունեցած կշռից», - ասել է Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով, հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը, որոնք կազմված են լինելու են ՆԱՏՕ-ի զորքերից, կբերի հարաբերությունների վատթարացմանը Ռուսաստանի հետ:

«Ի վերջո, դա կբերի Հայաստանից [Գյումրիի ռազմակայանից] ռուսաստանյան զինվորականների դուրսբերմանը, եւ դա ճիշտ է: Նրանք ոչ մի դերակատարություն չունեն Հայաստանի անվտանգության ապահովման գործում», - նշել է Հովհաննես Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG