Մատչելիության հղումներ

Ազգային պատկերասրահը 85 տարեկան է


Այս տարի պատկերասրահում կանցկացվեն երաժշտական փառատոն, զանազան ցուցահանդեսներ, դասախոսություններ, կինոդիտումներ: Փետրվարին պատկերասրահի բակում կտեղադրվի Մարտիրոս Սարյանի կիսանդրին, իսկ սրահներից մեկում կբացվի պատկերասրահի առաջին տնօրեն Ռուբեն Դրամբյանի դիմաքանդակը:

2006-ի առաջին ցուցահանդեսը, որ նվիրված կլինի Մարտիրոս Սարյանի ծննդյան տարեդարձին, բացվելու է փետրվարի 28-ին: Պատկերասրահի երրորդ հարկում մշտապես ցուցադրվող Սարյանի «Հայաստան» վարագույրին միանալու են նկարչի թատերական ձեւավորման աշխատանքները:

Հայաստանի ազգային պատկերասրահը 85 տարի առաջ պետական թանգարանի գեղարվեստական բաժինն էր: Պատկերասրահի հիմնադրման գործը 1921 թվականին հանձնարարվում է Ռոստովից Երեւան տեղափոխված Մարտիրոս Սարյանին: 1925-ին Լենինգրադից հրավիրվում է արվեստաբան, թանգարանային գործի խոշոր գիտակ Ռուբեն Դրամբյանը: 1935-ին գեղարվեստական բաժինը վերածվում է կերպարվեստի թանգարանի, 1947-ին այն կոչվում է Հայաստանի պետական պատկերասրահ, իսկ 1991-ին վերանվանվում՝ Հայաստանի ազգային պատկերասրահ:

Պատկերասրահի ներկայիս տնօրեն Փարավոն Միրզոյանը հիշում է, որ անցնող տարին պատկերասրահի համար աննախադեպ էր մշակութային իրադարձությունների քանակով եւ որակով: 2005 թվականին պատկերասրահն ունեցել է շուրջ 70 000 այցելու, որոնց մեջ մեծ թիվ են կազմել երիտասարդները: Տնօրենի խոսքով՝ այցելուների մեծ թիվը 2005-ին պայմանավորված է եղել փաստով, որ միջոցառումների եւ ցուցահանդեսների 90 տոկոսը եղել է անվճար:

«Տարբեր տարիների տնօրենները մեծ գործ են արել, սակայն դեռ այսօր էլ բավական աշխատանք կա անելու. ունենք չուսումնասիրված ֆոնդեր, անցյալ տարի լուծվեց ջեռուցման հարցը, սակայն դեռեւս օդափոխության խնդիր ունենք, որն այս տարի համոզված եմ՝ կլուծվի», - ասում է պատկերասրահն արդեն 4 տարի ղեկավարող Փարավոն Միրզոյանը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG