Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը դեմ է «Փյունիկ»-ի որակազրկմանը


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է «Փյունիկ»-ի՝ ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության ժամանակ Բաքվի «Նեւթչի»-ի հետ կիսաեզրափակիչ խաղից հրաժարվելու հարցը:

Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն առաջարկել է «Փյունիկ»-ին որակազրկել մեկ տարով եւ արգելել նույն ժամանակահատվածում հանդես գալ Հայաստանի բարձրագույն խմբում: Նախագահի առաջարկը դրվել է քվեարկության, սակայն գործկոմի անդամները միաձայն դեմ են քվեարկել դրան:

Ի վերջո, Ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտեց «Փյունիկ»-ի գործելակերպը՝ առաջարկելով ակումբին քննարկել հասարակական հնչեղություն ստացած խնդիրը եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության:

Հարցին, թե արդյո՞ք պարոն Հայրապետյանը չէր կարող կանխել «Փյունիկ»-ի ղեկավարների որոշումը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արայիկ Մանուկյանը պատասխանեց, որ ֆեդերացիայի նախագահը չի կարող ակումբի փոխարեն որոշումներ կայացնել:

«Դա ակումբի, այլ ոչ թե ֆեդերացիայի խնդիրն է», - ասաց նա:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG