Մատչելիության հղումներ

Այս շաբաթ հայտնի կդառնա Հարավային Կովկասում Եվրամիության նոր ներկայացուցչի անունը


Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն պաշտոնավարման ժամկետն ավարտում է եւ, հավանաբար, այս շաբաթ արդեն հայտնի կդառնա, թե ով է նրան փոխարինելու:

Տարածաշրջանում Եվրոպան ներկայացնելու համար մրցության մեջ են Եվրամիության անդամ 5 պետություններ՝ Գերմանիան, Լեհաստանը, Էստոնիան, Իտալիան եւ Շվեդիան: Ինչպես հայտնում են եվրոպացի դիվանագետները, Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանան արդեն զրույց է ունեցել այս 5 երկրների բոլոր թեկնածուների հետ, ծանոթացել նրանց ներկայացրած հայեցակարգերին եւ շուտով կհրապարակի իր որոշումը:

Սակայն պարզվում է, որ որոշման վրա կարող է ազդել նաեւ Ռուսաստանը. Մոսկվան առարկություններ ունի հատկապես Եվրամիության նորանդամ երկների թեկնածուների վերաբերյալ: Կրեմլը նման առարկություններ ուներ անցյալ տարի, երբ Խավիեր Սոլանան ցանկանում էր Եվրամիության ներկայացուցիչ նշանակել Մոլդովայում:

Իսկ ո՞րն է Մոսկվայի տրամաբանությունը: Եվրամիության նորանդամ երկրները, որոնք գերազանցապես նախկին սոցիալիստական բլոկի երկրներ են, ըստ Ռուսաստանի, կարող են կողմնակալ լինել՝ հատուկ կարծիք ունենալ նախկին խորհրդային երկրներում Ռուսաստանի արտաքին քաղաքական իրական շարժառիթների վերաբերյալ. - «Այնպես որ, Եվրամիության էստոնացի կամ լեհ ներկայացուցիչը Հարավային Կովկասում՝ անընդունելի կլինի Ռուսաստանի համար», - ենթադրում են եվրոպացի դիվանագետները:

Այս պահին Հեյկի Տալվիտիեից հետո այդ պաշտոնին ամենահավանական թեկնածուն գերմանացի դիվանագետ Դիտեր Բոդենն է, ով նախկինում եղել է Վրաստանում Աբխազիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, այնուհետեւ՝ ԵԱՀԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչության ղեկավարը:

Ինչպես հաղորդում են դիվանագիտական աղբյուրները, այս անգամ Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի պաշտոնի համար մրցույթը, ի տարբերություն 2003 թվականի, շատ ավելի իրական է ու լարված:

Եվրամիության ներկայիս ներկայացուցիչ, ֆինլանդացի դիվանագետ Հեյկի Տալվիտիեն նշանակվել էր 2003 թվականի հուլիսին, երբ Եվրամիության Նախարարների խորհուրդը որոշեց ստեղծել այդպիսի պաշտոն՝ իր դերակատարությունը Հարավային Կովկասում ուժեղացնելու նպատակով:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG