Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 28-ը հունվարի)

«Շրջանառվող լուրերի համաձայն, Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնական Արշակ Կարախանյանը ինքնասպանությունը գործել է այն նույն ատրճանակով, որով ժամանակին դատախազության աշխատակից Արամ Կարապետյանը սպանեց գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին, ապա ինքնասպանություն գործեց։ Ասում են, որ այդ զենքը հետագայում հատկացվել է Կարախանյանին», - գրում է «Հայոց աշխարհ»-ը։

«Երեկ համառ լուրեր էին տարածվում, թե ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ լուրջ բախում է տեղի ունեցել եւ իբրեւ Անդրանիկ Մարգարյանը դեմ է եղել Սերժ Սարգսյանի՝ ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելուն, քանի որ այդ պաշտոնը վարչապետը խոստացել էր ՀՀԿ-ից պատգամավոր Հրանուշ Հակոբյանին», - գրում է «168 ժամ»-ը: Թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է վարչապետն ընդունել այդ փաստը, կառավարության լրատվական ծառայությունից պատասխանել են. - «Շատ նորմալ, հանգիստ ու ժպիտով»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի ձեւակերպմամբ՝ Սերժ Սարգսյանի համար «անակնկալ է եղել ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելը. - «Նիստից հետո նա խոստովանեց, որ այդ մասին իմացել է միայն առավոտյան»:

«Սերժ Սարգսյանի ընտրությամբ ամենաշատը ոգեւորված էին համալսարանի ուսանողները, որոնք անցյալ անգամ էական դեր խաղացին Ռադիկ Մարտիրոսյանի տապալման գործում: Դեռ ընտրությունից առաջ ուսխորհրդի անդամները նախարարին սպասում էին փողոցում», - նկարագրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Իսկ արդեն քվեարկությունից հետո նրան նվիրեցին Պուշկինի լավագույն ստեղծագործությունների առանձնակի տպագրված օրինակն ու Վահան Տերյանի հատընտիրը»:
«Վաղը առավոտյան թերթերը գրելու են, որ Սերժ Սարգսյանը ստացավ առաջին նվերը. այս խոսքերով ավարտեց ԵՊՀ կառավարման խորհրդի նիստը նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ «ԵՊՀ-ն Սերժինն է» վերնագրի ներքո:

«Հայկական ժամանակ»-ում շարադրված է. - «ՀՀ պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախագահ, եւ վերջապես ԵՊՀ խորհրդի նախագահ. սա Սերժ Սարգսյանի՝ այս պահին ունեցած պաշտոնների խիստ համառոտ թվարկումն է»:

Չհամաձայնելով «168 ժամ»-ի հարցադրմանը, թե իշխանական բուրգը կարծեք բաժանվել է երկու մասի` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմակիցների՝ թերթի հարցազրույցում ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ուրվագծում է. - «Առանձնապես մեծ չէ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կուսակցությունների տարբերությունը: Ես այստեղ գաղափարական տարաձայնություններ բացարձակ չեմ տեսնում: Երկու «խմբերն» էլ դեմ են ազատ ընտրություններին, երկուսն էլ համապատասխան չափով խոչընդոտել են այս երկրում ցանկացած ընտրություն, մասնակցել են ապրիլի 12-ներին, ոգեւորվել են դրանցից, երկու թեւերն էլ արտաքին քաղաքական ուղղվածության առումով առանձնապես հստակ կողմնորոշում չունեն: Այնպես որ, եթե նույնիսկ ձեւավորվել են տարբեր թիմեր, ապա՝ զուտ միմյանց հետ համագործակցելու համար»: Արամ Սարգսյանի խոսքերով, Հայաստանը «դարձել է մարդ-պետություն, որն անտեսանելի է եւ լողում է բոլոր դաշտերում». - «Մենք «ոչ միս, ոչ ձուկ» կարգավիճակում ենք: Սոյայատիպ բույսի` լոբու նման ենք: Եվ այս երկիրը «լոբիության» վերածել են այս իշխանությունները եւ որոշ ընդդիմադիրներ»:

«Ազգային անվտանգության խորհուրդը լուրջ մարմին չէ. սա մեջբերում է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի` երեկ «Նոր Հայաստան» կազմակերպության հրավերով «Իզբուշկա» սրճարանում ունեցած «Ազգային անվտանգության հիմունքները» ելույթից», - փոխանցում է «Առավոտ»-ը՝ շարունակելով մեջբերել. - «Մեր երկիրն ամրության պաշար չունի: Մի քիչ ավելի շատ ձյուն եւ երկիրն ունենում է խնդիրներ: Նույնն է, բնականաբար, նաեւ գազի խողովակի եւ սակագների դեպքում: Եվ այս ամենն անմիջապես բերում է գիտակցությանն այն փաստի, որ անվտանգության ասպարեզում մենք ունենք լրջագույն խնդիրներ»:

«Գազի ոլորտում Ռուսաստանի կայացրած որոշումները հավասարապես վերաբերում են թե’ Վրաստանին, թե’ Հայաստանին: Սակայն եթե Ռուսաստանը Վրաստանին այդպիսով ընդամենը ֆիզիկական ծանր հարված է հասցնում, մեր դեպքում հարվածը ոչ միայն ֆիզիկական է, այլեւ բարոյական: Հայաստանն այս պարագայում ընդամենը լքված է, ընդամենը օգտագործված, ընդամենը կամակատար», - դիտարկում է «Հայկական ժամանակ»-ը: - «Հարցերի հարցը հետեւյալն է` ունի արդյո՞ք երկիրը արժանապատվություն, եւ մեզ գազի, էլեկտրական էներգիայի, զենքի պակասը չէ, որ պետք է անհանգստացնի, այլ արժանապատվության, ինքնասիրության պակասը»:

«Ազգ»-ի փոխանցմամբ, մարդահամարի գծով ԼՂՀ համապետական հանձնաժողովը ամփոփել է 2005 թվականի հոկտեմբերի 18-27-ը Արցախում անցկացված մարդահամարի նախնական տվյալները: Ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 137 հազար 743 հազար մարդ:

«Եվրո-2008» ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի վիճակահանության արդյունքները մեզ համար շատ հետաքրքիր էին», - գրում է «168 ժամ»-ը: - «Մեր հավաքականը մրցելու է «Ա» խմբում, իսկ մրցակիցներից մեկը լինելու է Ադրբեջանի հավաքականը: Եթե թիմերի փոփոխություն չկատարվի, ապա հարց է առաջանում` որտե՞ղ պետք է անցկացվեն երկու հանդիպումները»: «Այն, որ թիմերը կմրցեն չեզոք դաշտում, կասկած չի հարուցում», - համոզված է թերթը: - «Սա հիանալի առիթ է, որպեսզի մեր թիմերն այս օրերի տհաճ հետքերը մաքրեն»: «Հայկական ժամանակ»-ի կարծիքով, Հայաստանն այսօր արդեն պետք է հայտատարի, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի հավաքականին եւ մեկնել Բաքու: «Իհարկե», - հավելում է թերթը, - «Հայաստանում չկա հակաադրբեջանական շիզոֆրենիայի մթնոլորտ, եւ նրանց հավաքականին նորմալ ընդունել-ճանապարհելը կարող է դրականորեն ազդել մեր երկրի միջազգային իմիջի վրա: Մանավանդ, որ Ադրբեջանը ի վիճակի չի լինելու նույն բանն անել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG