Մատչելիության հղումներ

Երեւանի ոստիկանապետը՝ Լոս Անջելեսում


Միացյալ Նահանգների գործընկերների փորձին ծանոթանալու նպատակով այս օրերին Լոս Անջելեսում է գտնվում Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը: Հայաստանում հանցագործություն կատարած եւ ԱՄՆ-ում թաքնվող հանցագործներին հայտնաբերելուց բացի, մեր իրավապահներին հետաքրքրում է նաեւ ամերիկացի իրավապաների փորձը ցույցերի եւ հանրահավաքների ժամանակ:

Այցի գաղափարը ծնվեց 2005 թվականին, երբ Հայաստան այցելեցին Փասադենայի ոստիկանապետ Բերնարդ Մելեքյանը եւ քաղաքապետ Բիլ Բոգարտը: Ներսես Նազարյանը հանդիպել է Փասադենայի, Գլենդեյլի, Բեւերլի Հիլզի ոստիկանապետերի եւ քաղաքապետերի հետ:

Ըստ Երեւանի ոստիկանապետի, Հայաստանի իրավապահ մարմիններին շատ են հետաքրքրում տարբեր փողոցներ եւ հաստատություններ հսկող սարքավորումները: «Փասադենա սթար նյուզ» թերթի փոխանցմամբ, «Հայաստանին հետաքրքրում են ոստիկանական հսկիչ ավտոմեքենաները եւ ոստիկանական պաշտպանական համազգեստը՝ նկատի ունենալով 2007 թվականի ընտրությունները»:

«Այստեղ մենք սովորում ենք, թե ինչպես անենք, որ հանրահավաքների ժամանակ ավելի անվտանգ լինի ժողովրդի հետ շփումը: Մեզ մոտ հանրահավաքների ժամանակ պաշտպանվելու սարքերը ավելի կոպիտ են: Խոսքը զենքի մասին չէ, այլ հագուստի՝ գլխարկներ, ձեռքերի փափուկ ամրակներ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ներսես Նազարյանը՝ ավելացնելով, թե «ոստիկանները դրանք պետք է կրեն փողոցում ծառայություն տանելու ժամանակ»:

Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը Կալիֆորնիայում մնալու է մինչեւ փետրվարի 8-ը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG