Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ընդգծում է. - «Պուտինյան վարչակազմը սաբոտաժ է անում ոչ թե Հայաստանի, այլ Վրաստանի դեմ՝ դրա մեջ ուղղակի ներքաշելով Հայաստանին։ Պայթյունից ընդամենը երկու-երեք ժամ անց Հայաստանն անջատում է Վրաստանին մատակարարվող էներգիան։ Այսինքն, դրանով մենք իրականացրեցինք ռուսական քաղաքականությունը՝ Վրաստանին պատժելու գործում դառնալով Ռուսաստանի գործիքը»:

«Հայտարարությունները, թե գազատարը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետներում, իրականությանը չհամապատասխանեցին: Ու չնայած նախնական հայտարարություններով գազատարը պետք է վերականգնվեր արդեն հունվարի 24-ին, նույն այդ օրը հայտարարվեց, որ գազատարի վերականգնման աշխատանքները դադարեցված են», - փաստում է «Ազգ»-ը: Ըստ «168 ժամ»-ի, գազի թեման ընդամենը պրոբլեմի առաջին, ամենաերեւացող շերտն է. - «Իրականում քննարկման առարկան շատ ավելի ընդգրկուն է: Ըստ էության օրակարգում հայ-ռուսական հարաբերությունների վերանայման խնդիրն է»:

«Ճգնաժամի սպասելիս» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ում շարադրված է. - «Գազամուղի վերականգնման ժամկետների անորոշությունը ստիպում է մտածել, թե ինչ իրավիճակ կստեղծվի Հայաստանում, եթե վերջանա նաեւ գազապահեստարանների պարունակությունը... Գազի 360 հազար բնակիչ-բաժանորդների անցումը էլէներգիայով բնակարանների ջեռուցմանը պարզապես անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Խնդիրն այն է, որ մեր ցանցերը կարող են պարզապես չդիմանալ այդ ծանրաբեռնվածությանը»:

«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը նշում է. - «Զիջումների դիմելու համար բանակցող կողմերը ժողովրդի կողմից առնվազն 3-4 տարվա վստահության քվե պիտի ունենան, ինչը չկա»: Նրա մեկնությամբ՝ բանակցային գործընթացի ներկա ակտիվացումը իր մեջ պարունակում է «աշխարհաքաղաքական սահմանների տեղաշարժման ծրագրեր». - «Մասնավորապես այն համատեքստում, որ եկել է ժամանակը, որպեսզի տարածաշրջանն՝ ամբողջությամբ եւ Հայաստանը՝ մասնավորապես, ներառվեն արեւմտյան աշխարհաքաղաքական ազդեցության գոտում»:

«Արդեն երկրորդ անգամ բարձրաստիճան հյուրի ժամանման նախօրյակին Ռոբերտ Քոչարյանը արձակուրդ է վերցնում եւ մեկնում Ծաղկաձոր: Մի անգամ նման բան տեղի էր ունեցել Ագոյի խմբի, այս անգամ էլ՝ ԵԱՀԿ նախագահողի այցի օրերին», - նկատում է «Հայկական ժամանակ»-ը՝ եզրահանգելով. - «Քոչարյանը թերեւս այսպես արձագանքում է իր համար տհաճ եւ անցանկալի հանդիպումներին»:

«Նախագահը ըմբռնումով է մոտենում 2007-ի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալու առանձին պաշտոնյաների եւ գործարարների ցանկությանը, սակայն չի պատրաստվում վարչական ռեսուրսները դնել նրանց տրամադրության տակ», - գրում է «Հայոց աշխարհ»-ը: - «Այդ անձինք ազատ են մասնակցելու խորհրդարանական ընտրապայքարին, որից հետո միայն նախագահը կարձանագրի քաղաքական դաշտում ձեւավորված ուժերի հարաբերակցությունը, որի հիման վրա էլ 2007-2008 թվականների ժամանակահատվածի համար կձեւավորի անցումային կառավարություն»:

«168 ժամ»-ում Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը նշում է. - «Համոզված եմ, որ մենք հանրաքվեի ժամանակ բաց թողեցինք հիանալի հնարավորություն ցույց տալեւ համար, որ Հայաստանը կարող է անցկացնել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ընտրական գործընթաց: Ցավոք, դա տեղի չունեցավ... Այս առումով բացառիկ նշանակություն են ստանում 2007-2008 թվականների ընտրությունները»: «Սա է իրողությունը, եւ այն շատ լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար», - եզրափակում է Թորոսյանը:

Կոալիցիայի մեկ այլ կուսակցության՝ «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նույն թերթում նույն ոգով պնդում է. - «Պետք է ամեն ինչ անենք, որ 2007-2008 թվականների ընտրություններն անցնեն առավելագույնս օբյեկտիվ եւ համապատասխանեն միջազգային չափանիշներին: Ի վերջո, պետք է հասկանանք, որ կեղծիքները վնասում են Հայաստանին: Ուստի, կարծում եմ, որ պետք է օրենսդրորեն խստացվի նաեւ քրեական պատասխանատվությունը ընտրակեղծիքների համար»:

«Առավոտ»-ի հարցազրույցում պնդելով, թե ամենաճիշտ ճանապարհը հանրաքվեի խախտումները ուսումնասիրելու համար Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն է՝ ընդդիմադիր «Արդարություն» խմբացության անդամ Գրիգոր Հարությունյանը նշում է. - «Փոխանակ իշխանությունները պատժեն կեղծարարներին, որ հաջորդ ընտրությունները այսպիսին չլինեն, նորից կրկնում են. եթե եւս այսպիսի մի ընտրություն լինի՝ մենք կորած ենք»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը որոշել է «Հայկական ժամանակ» օրաթերթին զրկել դեսպանատան կողմից կազմակերպվող ասուլիսներին եւ այսօրինակ մյուս միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից: Այս մասին երեկ մեզ տեղյակ է պահել դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը: Ըստ այդմ, նման որոշման պատճառն այն է, որ «ՀԺ»-ն «ոչ օբյեկտիվ եւ անարդարացի լրատվամիջոց է»: Իհարկե, սա սպասված եւ, եթե անկեղծ լինենք, բաղձալի իրադարձություն է, որովհետեւ առնվազն նշանակում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործունեության եւ ՀՀ-ում ԱՄՆ վարած քաղաքականության մասին մեր գնահատականները, շեշտադրումներն ու պնդումները ոչ միայն հասել են հասցեատերերին, այլեւ հուզել նրանց»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG