Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հակված եմ ենթադրել, որ վերջերս ռուսների դեմ բարձրացած դժգոհության ալիքը ինչ-որ տեղ հրահրվում է նաեւ իշխանության կողմից», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Դժվար է ասել, այդ պարզունակ շանտաժը կազդի՞ Պուտինի վրա, թե՞ ոչ: Իրականում, հակառուս լինելը նույնքան անհեռանկարային է, որքան, ասենք, հակաթուրք լինելը: Մեզ հետ առնչվող բոլոր պետությունները առաջնորդվում են միմիայն իրենց շահերով: Դարերի ընթացքում դա մեր գլուխը չէր մտնում: Գոնե 1991-ից հետո պիտի մտներ»: Հայկական կողմի դժգոհությունների մասին խնբագիրը գրում է. - «Գավառական վասալի այդ բողոքները 21-րդ դարում չեն անցնում. գոյություն ունի ապրանք, ապրանքի գին, որը տերը պահանջում է: Դարավոր եղբայրությունը ապրանք չէ»:

«Հայկական ժամանակ»-ի դիտարկումներով, Հայաստանի շուկայում վերջին 20 օրերին տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարելի է բնութագրել որպես «բնական գազի գնի բարձրացման նախապատրաստություն». - «Արդեն իսկ որոշ ապրանքների գները սկսել են բարձրանալ... Գործարարները չեն կարող սպասել, թե երբ իրենց փաստի առաջ կկանգնեցնեն»:

Արձանագրելով, որ Հայաստանի էներգետիկայի համակարգի առնվազն 80 տոկոսը պատկանում է ռուսական ընկերություններին կամ կառավարվում է նրանց կողմից՝ «Հայոց աշխարհ»-ը նշում է. - «Հայաստանին մատակարարվող գազի գնի բարձրացումը որպես խաղաքարտ օգտագործելով՝ Ռուսաստանը, անշուշտ, կուզենար իր վերահսկողության տակ վերցնել նաեւ Իրան - Հայաստան գազատարը: Բայց Հայաստանի համար ավելի ձեռնտու է, որ գազի գինը բարձրանա այս տարի, բայց պահպանվի Իրան - Հայաստան գազատարի սեփականատիրական իրավունքը»: Միաժամանակ «Հայոց աշխարհ»-ը առաջ է քաշում մի տարբերակ, որը, ըստ թերթի, կարող է նույնիսկ ձեռնտու լինել Հայաստանի համար. - «Եթե գազատարի բաժնետոմսերի զիջման շնորհիվ ստեղծվի իրական հնարավորություն իրանական գազը Եվրոպա հասցնելու տարանցիկ երկիր դառնալու համար»:

«Հայաստանից 17 կիլոգրամ ոսկյա իրեր արտահանելու համար Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության (ՍՎ) մամուլի նախկին քարտուղար, փոխգնդապետ Իվան Ժիրիենկոն: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ ղեկավար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւը մասամբ հաստատեց այդ լուրը՝ նշելով, սակայն, որ 17 կիլոգրամը չափազանցված է, իսկ ինքը, հրապարակումը՝ պատվիրված», - գրում է «Առավոտ»-ը:

Փաստելով, որ Ադրբեջանի Սահմանադրությունը թույլատրում է միայն համապետական ընդգրկման հանրաքվեների անցկացում՝ «Հայոց աշխարհ»-ը եզրակացնում է. - «Բանակցությունների ներկա հանգրվանում Իլհամ Ալիեւը փաստորեն կանգնած է կամ երկրի Սահմանադրությունը խախտելու, կամ էլ միջնորդների առաջարկները մերժելու անլուծելի երկընտրանքի առջեւ»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, ԵԱՀԿ գործող նախագահի եւ ԼՂՀ նախագահի հանդիպման ավարտին Արկադի Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԵԱՀԿ նախագահը չի մերժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը: Իսկ «Առավոտ»-ը տեղեկացնում է. - «ԼՂՀ Ազգային ժողովի «ՀՅ Դաշնակցություն - Շարժում-88» պատգամավորական խումբը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ մտահոգ, որ ԼՂ ճակատագիրը փորձում են որոշել առանց Ղարաբաղի ժողովրդի»:


«Առավոտ»-ի զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը հեգնում է. - «Ես ենթադրում եմ, որ շուտով ստեղծվելու են նոր կուսակցություններ: Ըստ տվյալ գործարարի բիզնեսի ոլորտի՝ թերեւս ստեղծվի «Քաղցր Հայաստան» կուսակցությունը, «Մենք միշտ շահում ենք. Ֆլեշ-Հայաստան» կուսակցությունը, «Ջնջեք, որ շահեք» կուսակցությունը եւ այլն: Աբսուրդի եւ զավեշտի է վերածվել այս ոլորտը»: «Հասարակական-քաղաքական գործընթացների այն շարժը, որ տեսնում ենք՝ հանրային սեփականությունը մեջ-մեջ անելուց կամ թալանելուց հետո, ցավոք, պետության ուղղակի կործանման վերջնական փուլն է», - շարունակում է Սուրեն Աբրահամյանը՝ ուրվագծելով. - «30 հազար քառակուսի մետրանոց տարածքով Հայաստանը դարձրին ընդամենը 1000 քառակուսի մետր՝ նախագահականը, խորհրդարանի եւ կառավարության շենքերը, կառավարությունների ընդունելությունների տունը, «Օջախն» ու «Ձորաբերդը»:

«Յուրաքանչյուր նստաշրջանից առաջ խորհրդարանում խորհրդավոր աժիոտաժ է սկսվում. ԱԺ քարտուղարությունը հանում է անցած նստաշրջանի քվեարկությունների կեսից անհարգելի բացակայած պատգամավորների ցուցակն ու սկսվում է խումբ-խմբակցությունների հետ տնավարի բազարը», - նկարագրում է «Հայկական ժամանակ»-ը: Արդյունքում պետաիրավական հարցերի հանձնաժողովը, ինչպես թերթին ասել է այդ հանձնաժողովի նախագահը, ստանում է «սանրած-մաքրած բացակաների ցուցակ, որտեղ միակ անհարգելիները մնում են ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորները»: «Նրանց մանդատից զրկելու հարցը մեխանիկորեն մտած է փետրվարի 6-ի քառօրյա նիստերի օրակարգ: Այլ հարց է, որ բոլորն էլ արդեն գիտեն՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը մեխանիկորեն այդ հարցը չի դնելու քննարկման», - ընդգծված է թերթում:

«Վանո Սիրադեղյանից բացի, ուրիշ ոչ մեկի բացակայությունները խորհրդարանը անհարգելի չի ճանաչել եւ, դատելով ստեղծված իրավիճակից՝ չի էլ ճանաչի», - դիտարկում է «Առավոտ»-ը՝ բացահայտելով. - «Պատգամավոր դարձած օլիգարխներից շատերն այժմ շատ ավելի են բացակայում, քան ժամանակին Վանոն, բայց նրանք հասցնում են ժամանակին «բժշկի թուղթ» ներկայացնել, եւ եթե այդ թղթերը իսկական են, ուրեմն խորհրդարան չեկող գործարարները հիմնականում հիվանդ մարդիկ են, իսկ եթե դրանք կեղծ թղթեր են, ուրեմն այդ թղթերը գրող բժիշկներն են հիվանդ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG