Մատչելիության հղումներ

Քոչարյան - Ալիեւ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա փետրվարի 10-ին Փարիզում


«Ըստ նախնական համաձայնության, եթե որեւէ նոր բան չլինի, փետրվարի 10-ին Փարիզում տեղի կունենա Քոչարյան - Ալիեւ բանակցությունների հերթական փուլը», - երեքշաբթի օրը հրավիրած ասուլսիում հայտարարեց Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Խոսնակի փոխանցմամբ, առաջիկա գարնանը նախատեսված են նաեւ Ռոբերտ Քոչարյանի այցերը Շվեդիա, Գերմանիա, ավելի ուշ՝ Ֆրանսիա:

Ռուսաստան Ռոբերտ Քոչարյանի այց նախատեսված չէ, ինչը նշանակում է, որ գազի սակագնի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվող բանակցությունները անցկացվելու են ոչ նախագահական մակարդակով:

Այդ բանակցությունների վերջնական արդյունքները, ինչպես արդեն ասվել էր, հայտնի կդառնան մինչեւ փետրվարի կեսը:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությանն ու հարաբերություններին եւ նշելով, որ ընդհանուր առմամբ, այս առումով «խնդիրներ չկան», Սողոմոնյանը ասաց, այդուհանդերձ, որ կա «անհանգստացնող հանգամանք»՝ Հայաստանում ոչ դրական, ի վնաս Ռուսաստանի հասարակական կարծիք է ստեղծվել:

Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ անհանգստության առնչությամբ, նախագահի խոսնակը պատասխանեց. - «Այդ քայլը անելու մասին պետք է մտածի ռուսական կողմը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG