Մատչելիության հղումներ

Պայթեցվել է Հարավային Կովկասը սնող Մոզդոկ-Թբիլիսի գազատարը


Արդեն երկրորդ օրն է՝ Հարավային Կովկասը զրկված է ռուսական գազից: Կիրակի վաղ առավոտյան Հյուսիսային Օսիայի Վերին Lարս սահմանային անցակետի մոտակայքում մեկը մյուսին հաջորդած երկու պայթունները շարքից դուրս բերեցին Հարավային Կովկասը սնող Մոզդոկ-Թբիլիսի գազատարն ու տարածաշրջանը կանգնեցրին էներգետիկ ճգնաժամի առջեւ:

Պաշտոնական Թբիլիսին հայտարարեց, որ երկրում առկա գազի պաշարները կբավականացնեն ընդամենը մեկ օր եւ օգնության խնդրանքով դիմեց Ադրբեջանին, Իրանին, Թուրքիային եւ նույնիսկ հեռավոր Միացյալ Նահանգներին ու Եվրոպային:

«Սա Ռուսաստանի կողմից վանդալիզմի աննախադեպ դրսեւորում է, թաքնված դիվերսիա: Ռուսները մեզ մեկ անգամ չեն սպառնացել թողնել առանց գազի ու լույսի, եւ ահա դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Վրաստանն ապրում է ամենացուրտ ձմեռներից մեկը», - ըստ «Ֆորբս» հանդեսի, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Ռուսաստանի արձագանքն այս մեղադրանքներին չուշացավ. արտգործնախարարությունը երեկոյան տարածեց հաղորդագրություն, որտեղ վրացական կողմի դիրքորոշումը որակեց որպես «հիստերիկ եւ ցինիկ»:

«Եթե Թբիլիսիում անշեղորեն որոշել են փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա, թերեւս, հաշվարկել են նաեւ նման քաղաքականության բոլոր հնարավոր հետեւանքները», - ասվում է հայտարարության մեջ, - «Վրացիների վարքագիծն ավելի քան տարօրինակ է այն դեպքում, երբ այս պահին արվում է հնարավորը՝ գազատարը վերականգնելու եւ վթարի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար»:

Կեսօրից «Գազպրոմ»-ը ավելացրեց գազամատակարարումը Ադրբեջանին, որպեսզի գոնե այդ ճանապարհով Վրաստանը կարողանա դուրս գալ էներգետիկ շրջափակումից: Ըստ երկու երկրների միջեւ նախկինում կնքված համաձայնագրի, այսօրվանից Ադրբեջանը կսկսի Վրաստանին օրական 2 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարել:

«Հայռուսգազարդ» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Հայաստանը որեւԷ երկրի հետ նման համաձայնագիր չունի, եւ այժմ օգտագործում է Աբովյանի գազապահեստարանում առկա միջոցները: Թե դեռ քանի օր դրանք կբավականացնեն, ընկերությունը առայժմ հստակ չի նշում. - «Ամեն ինչ կախված է նրանից, թե առաջիկա օրերին բնակչությունը որքան գազ կօգտագործի», - նշեց «Հայռուսգազարդ»-ի ներկայացուցիչը եւ հորդորեց սպառողներին՝ առաջիկա օրերին խնայողաբար օգտագործել կապույտ վառելիքը:

Ըստ «Ռեգնում» գործակալության, «Գազպրոմ»-ը խոստացել է Մոզդոկ-Թբիլիսի գազատարի վերականգնման աշխատանքներն ավարտել հունվարի 25-ին:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG