Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը նոր վարկ է հատկացնում Հայաստանին


Համաշխարհային բանկը երեկ հաստատել է Հայաստանին տրամադրվելիք 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով «Աղքատության հաղթահարման աջակցության» երրորդ վարկը:

Եռամյա այս ծրագիրը մշակվել է չորս ուղղություններով եւ նպատակաուղղված է աջակցելու կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացմանը:

«Ծրագիրը կօժանդակի կառավարության՝ առաջիկա տարիներին Աղքատության հաղթահարման միանգամայն հավակնոտ ռազմավարության իրականացմանն ուղղված ջանքերին», - նշել է ծրագրի նախապատրաստման Համաշխարհային բանկի աշխատանքային խմբի ղեկավար Սաումա Միտրան: - «Այն կաջակցի նաեւ հիմնական հանրային ծառայությունների մատուցման որակի եւ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների իրականացմանը»:

Ուղղություններից առաջինը մակրոտնտեսական կարգապահության բարելավումն ու կառավարման ամրապնդումն է, որը միտված է լինելու տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը, ինչպես նաեւ՝ հարկային եւ մաքսային վարչարարության բարելավմանը: Հարկային ոլորտում, մասնավորապես, նախատեսվում է ներդնել, այսպես կոչված, ինքնագնահատման համակարգը:

Վարկային ծրագրի շրջանակներում նույնատիպ բարեփոխում նախատեսվում է իրականացնել մաքսային ոլորտում՝ ներդնելով ինքնահայտարարագրման համակարգը, որը անցած տարվանից փորձական ներդրվել է «Տիր» մաքսատանը:

20 միլիոն դոլարի վարկային ծրագրի շրջաններում նախատեսվում է նաեւ սոցիալական եւ բնապահպանական ռիսկերի զսպում եւ գյուղական շրջանների տնտեսության արդիականացում, ինչը նախատեսում է գյուղական ճանապարհների նորոգում, գազաֆիկացում եւ խմելու ջրի հասանելիություն:

1992 թվականին Համաշխարհային բանկին, իսկ 1993 թվականին Միջազգային զարգացման ընկերակցությանը անդամակցելուց հետո 41 ծրագրերի շրջանակներում Հայաստանին տրամադրված ընդհանուր գումարը կազմում է 916 միլիոն դոլար:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG