Մատչելիության հղումներ

Գագիկ Ջհանգիրյանը ազատվել է ՀՀ զինվորական դատախազի պաշտոնից


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունվարի 17-ի հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ`ազատվելով ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

«Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Արմեն Խաչատուրյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից», - ասված է նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:

Այսօր Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը զինդատախազության աշխատակազմին է ներկայացրել համակարգի նորանշանակ ղեկավար Արմեն Խաչատուրյանին:

Կադրային այս փոփոխության պաշտոնական հիմնավորումը հետեւյալն է. թե’ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ թե’ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը բավականին երկար ժամանակ էին ղեկավարում միեւնույն ոլորոտը: Արմեն Խաչատուրյանը 1996 թվականից գլխավոր դատախազի տեղակալն է եղել եւ համակարգել է տարբեր ոլորտներ, Գագիկ Ջհանգիրյանը 1997 թվականից ղեկավարում էր զինվորական դատախազությունը:

Առաջին հայացքից եւ պաշտոնական հիմնավորումներով ընդամենը անձերի փոխատեղում է եղել, ինչը պարբերաբար կատարվել եւ կատարվում է համակարգում: Ջհանգիրյանը նախկինի պես գլխավոր դատախազի տեղակալ է, բայց նա արդեն համակարգելու է ոչ թե ամբողջ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինվորական գործերով իրականացվող քննչական գործողությունները, այլ՝ դատարաններում մեղադրանքի պաշտպանության, գլխավոր դատախազության ֆինանսատնտեսական վարչության, ատեստացիոն հանձնաժողովի գործունեությունը:

Այսինքն՝ կատարելու է զինդատախազի պաշտոնում նրան փոխարինող Արմեն Խաչատուրյանի աշխատանքը: Եթե, իհարկե, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ աշխատանքի նոր բաժանում չիրականացվի:

Գլխավոր դատախազությունից պնդում են, թե Գագիկ Ջհանգիրյանի համար սա ամենեւին էլ պաշտոնի իջեցում չէ: Մինչդեռ, ինչպես հաստատում են որոշ իրավաբաններ եւ փորձառու փաստաբաններ, զինդատախազի պաշտոնն իր նշանակությամբ շատ ավելի բարձր է:

Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնանկ անելու մասին խոսակցությունները վաղուց էին շրջանառվում: Դեռ 2000 թվականին Ջհանգիրյանն ինքն էր հրաժարականի դիմում ներկայացրել հանրապետության նախագահին, որը, իհարկե, չէր ընդունվել: Դրանից հետո պարբերաբար այս կարգի լուրեր պտտվում էին. երբ 2003-ին «Հոկտեմբերի 27»-ի գործով անջատված մասի քննությունը փոխանցվեց գլխավոր դատախազությանը եւ հետո գործը կարճվեց: Երբ 2005 թվականի ամռանը զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազի որոշմամբ նկատողություն տրվեց:

Ըստ որոշ աղբյուրների, Ջհանգիրյանն ինքն է դիմում ներկայացրել: Գագիկ Ջհանգիրյանը, սակայն, հրաժարվեց որեւէ բան ասել այս կապակցությամբ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG