Մատչելիության հղումներ

Հայաստանցիները մեծամասնության կարծիքով, Ռուսաստանը չի բարձրացնի գազի սակագինը


Հայաստանցիների մեծ մասը շարունակում է հավատալ, թե Ռուսաստանը, այնուամենայնիվ, չի թանկացնի Հայաստանին վաճառվող գազը։ Հասարակական վերափոխումների «Ելք» կենտրոնը 1000 հայաստանցիների շրջանում սոցիոլոգիական հարցում է անցկացրել ու պարզել, որ այդ կարծիքին է հայաստանցիների ավելի քան 79 տոկոսը:

Ավելին՝ հարցվածների 84,3 տոկոսը շարունակում է Ռուսաստանին բարեկամ երկիր համարել։ Մինչդեռ, հարցվածների ավելի քան երեք քառորդը պատասխանել է, թե գազի թանկացման դեպքում տրամագծորեն կփոխի իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարությունը, մինչդեռ, արդեն բացահայտ հայտարարում է, որ Հայաստանի համար գազի սակագինն ավելի ցածր կլինի, քան նախօրոք հայտարարված 110 դոլարը, եթե հայկական կողմն ընդունի մի քանի պայման: Նախ՝ Ռուսաստանին իբրեւ սեփականություն հանձնի Հրազդանի արդիականացվող ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, իրանական գազը չդարձնի ռուսականի մրցակիցը, ինչպես նաեւ՝ չհրաժարվի գազի թանկացման դիմաց իբրեւ փոխհատուցում առաջարկվող վարկային միջոցներից։

Փաստորեն, ռուսական կողմը շարունակում է պնդել այն պայմանների վրա, որոնք ընդունելու դեպքում է'լ ավելի կմեծանա Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունների փոքր-ինչ անկախ պահվածքը թե’ Կրեմլին եւ թե’ ռուսական գերհսկա գազային ընկերությանը դրդել են ամենակոշտ միջոցներով՝ սակագնի կրկնապատկման սպառնալիքի տակ հասնել իրենց պահանջների կատարմանը։

Ռուսաստանի իշխանությունները այդ պահանջները ընդունելու համար 4 ամիս ժամանակ են սահմանել եւ գալիք շաբաթ կայանալիք Պուտին-Քոչարյան հանդիպման նախօրեին շարունակում են գազի թեմայով բաց տեքստով կոշտ հայտարարություններ անել։

Այդուհանդերձ, հայկական կողմը շարունակում է պնդել, որ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը իրանական ընկերութունների միջոցներով կառուցվելուց հետո մնալու է պետական սեփականություն։ Մասնավորապես, երեկ նման հայտարարություն արեց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը. - «Դա կառուցվելու է իրանական կողմի ներդրումներով: Այդ ներդրումները վերադարձվելու են 5-րդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիայով: Եվ 5-րդ էներգաբլոկը կմնա որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն»:

Լավատեսական հույսեր կապվում են ճապոնական Զարգացման եւ արտահանման բանկի 140 միլոն դոլար վարկով Երեւանի ՋԷԿ-ի արդիականացման ծրագրի իրագործման հետ: Այս ծրագիրը, ըստ նախարարի, գործնական իրագործման փուլ է մտել. - «Արդեն կապալառուի ընտրության աշխատանքներն են ընթանում: Եվ 2007 թվականի վերջին՝ ըստ ժամանակացույցի, պետք է կարողանանք 205 մեգավատտ հզորությամբ այս կայանը նույնպես շահագործման հանձնել»:

«Բոլոր այս ծրագրերի հիմնական նպատակը երկրի էներգետիկ անկախության մակարդակի բարձրացումն է ու երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացում է», - հավելեց Արմեն Մովսիսյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG