Մատչելիության հղումներ

Սկսվել է Ռամիլ Սաֆարովի նկատմամբ երկրորդ դատավարությունը


Բուդապեշտում երեքշաբթի օրը սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի նկատմամբ երկրորդ դատավարությունը: Դեկտեմբերին Բուդապեշտի իրավապահ մարմինները նոր քրեական գործ էին հարուցել Ռամիլ Սաֆարովի դեմ. պատճառը մեկուսարանի աշխատակիցների հետ ադրբեջանցի սպայի կոնֆլիկտն է:

Բաքվի «Էխո» թերթին Մարգարյանի սպանության գործով Սաֆարովի ընտանիքի շահերը ներկայացնող դատապաշտպան Ադիլ Իսմայիլովը հայտնել է, որ Ռամիլ Սաֆարովը մեղադրվում է 2004 թվականին մեկուսարանի աշխատակիցներին դիմադրելու մեջ, եւ Սաֆարովը կարող է դատապարտվել մինչեւ 2 տարվա ազատազրկման:

«Տեղի էր ունեցել թյուրիմացություն Ռամիլ Սաֆարովի եւ մեկուսարանի աշխատակիցների միջեւ: Նրանք պահանջել էին հանձնել մեկուսարանում օգտագործելու համար արգելված հեռախոսային քարտը, իսկ հունգարերեն չիմացող Սաֆարովը չէր հասկացել՝ ինչի մասին է խոսքը: Հայտնի չէ, ինչպե՞ս է այդ քարտը հայտնվել Սաֆարովի մոտ, ո՞վ է այն անցկացրել», - «Էխո»-ին ասել է Ադիլ Իսմայլովը՝ տեղեկացնելով նաեւ, որ նոր դատական նիստում Սաֆարովին պաշտպանելու է հունգարացի փաստաբան Կլարա Ֆիշերը:

2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի գործով դատավարությունը հետաձգել էր մինչեւ 2006 թվականի մարտի 7-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG