Մատչելիության հղումներ

Թուրք պատմաբանը կողմ է, որ ԱՄՆ-ի դպրոցներում դասավանդվի Հայոց ցեղասպանության պատմությունը


ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի երկու ուսուցիչ, մեկ աշակերտ եւ նրա ծնողը անցած տարեւերջին դատական գործ էին հարուցել Մասաչուսեթսի կրթության նախարարության դեմ՝ պահանջելով, որ Հայոց ցեղասպանություն դասավանդելուն զուգընթաց նահանգում դասավանդեն նաեւ ցեղասպանությունը ժխտելու պատմության ու պատճառների մասին նյութեր, եւ որ դպրոցներն օգտվեն թուրքական ինտերնետային էջերից:

Ամերիկայի հայկական համագումարը դեկտեմբերին ներկայացրել էր դատավարության ընթացքին մասնակցելու մասին հարցապնդում: Այդ նպատակով համագումարը կազմել է իրավական հարցերով հանձնաժողով, որի նպատակն է ներկայացնել հայկական կողմի դիրքորոշումը. - «Մենք մեզ նվիրել ենք Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը եւ դրա փաստը ապացուցելու ջանքերին ոչ միայն Մասաչուսեթսում, այլեւ ամբողջ երկրում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ամերիկաի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Ռոբերտ Գալուստյանը:

Համագումարը ԱՄՆ-ի արխիվներին է հանձնել ցեղասպանության մասին տեղեկագիր՝ հիմնված փաստաթղթերի եւ պաշտոնական վկայությունների վրա: Համագումարը շարունակում է գործուն պայքարը, որ Ցեղասպանության պատմությունը դասավանդվի պետական դպրոցներում, եւ վերջերս նման որոշում էին կայացրել նաեւ Նյու Ջերսի նահանգի իշխանությունները:

Թուրքական կողմը պնդում է, որ աշակերտներին պետք է տրվի նաեւ մերժողական քաղականության մասին տեղեկատվություն՝ համաձայն խոսքի ազատության սկզբունքներին: Մասաչուսեթսի դատական գործի շուրջ վերջերս Wall Streat Journal պարբերականին նամակ հղած Միչիգանի համալսարանի թուրք պատմաբան Ֆաթմա Գյուչեկի կարծիքով, դրանք «թուրքական պետության ջանքերն են՝ արտահայտված կազմակերպությունների եւ մի քանի հոգու անունից»:

«Ես չեմ ընդունում այդ քայլը, քանի որ, երբ սովորեցնում եք, հարկավոր չէ ներկայացնել պատմական իրադարձության շուրջ հնարավոր բոլոր տեսակետները: Աշակերտը ինքը պետք է որոշի իր տեսակետը, դպրոցում հարկավոր է ներկայացնել պատմական փաստերը», - «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում նշեց Ֆաթմա Գյուչեկը եւ ավելացրեց. - «Դպրոցում մենք պետք է ոչ միայն ուսուցանենք, այլեւ սովորեցնենք աշակերտներին՝ ինչպես դառնալ լավ մարդ: Իսկ դա պետք է անենք նաեւ պատմական փաստերով, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը ուսուցանելով»:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG