Մատչելիության հղումներ

Վրաստանում սեփականաշնորհվելու են էներգետիկ ոլորտի բոլոր օբյեկտները


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին երկուշաբթի օրը հայտարարել է, որ մինչեւ տարեւերջ Վրաստանում սեփականաշնորհվելու են երկրի էլեկտրաէներգետիկ ոլորտի բոլոր օբյեկտները:

«Ռոսբալտ» գործակալության փոխանցմամբ, Նողաիդելին նշել է, որ պետության սեփակություն են մնալու միայն բարձրավոլտ գծերը եւ Ինգուրի ՀԷԿ-ը, որը, ըստ վարչապետի, «Վրաստանի համար հատուկ նշանակություն ունի»: Ինգուրի ՀԷԿ-ը գտնվում է վրաց-աբխազական հակամարտության գոտում եւ էլեկտրաէներգիայով է ապահովում Վրաստանը եւ Աբխազիան:

Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին, իր հերթին, հայտնել է, որ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկում ընդգրկված են Աջարիայի էներգաբաշխիչ ընկերությունը, Թբիլիսիի ՋԷԿ-ը եւ 6 հիդրոէլեկտրակայաններ:

«Ռոսբալտ»-ը նաեւ նշում է, որ Թբիլիսիի ՋԷԿ-ի 9-րդ եւ 10-րդ էներգաբլոկների, ինչպես նաեւ Թբիլիսիի էներգաբաշխիչ «Թելասի» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսի սեփականատերը «Ռուսաստանի միացյալ էներգահամարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) ընկերությունն է, որի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են Վրաստանի էներգահամակարգի բոլոր օբյեկտները ձեռք բերելու պատրաստակամության մասին:

ՌԱՕ ԵԷՍ-ը նաեւ պատրաստ է մասնակցել Վրաստանի խոշորագույն՝ Խուդոնի ՀԷԿ-ի շինարարության աշխատանքներին: 1980-ականների վերջերին Վրաստանի «կանաչների» պահանջով Խուդոնի ՀԷԿ-ի սառեցված շինարարությունը ավարտելու համար կպահանջվի շուրջ 700 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG