Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չափազանց տարօրինակ է այն, որ իրար բոլոր հնարավոր ձեւերով անվանարկած ու նվաստացրած կոալիցիոն ուժերը, դեռեւս արդյունքի չհասած, արդեն վստահ են, որ կարողանալու են համաձայնության գալ օմբուդսմենի թեկնածուի շուրջ», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ շարունակելով. - «Իսկ սա հնարավոր է միայն մի դեպքում, եթե այդ թեկնածուի անունը իրենց ասելու է Ռոբերտ Քոչարյանը: Հակառակ դեպքում որեւէ մեկը չէր համարձակվի պնդել, թե կոալիցիան այդ հարցում միասնական է լինելու: Փորձը ցույց է տալիս, որ կոալիցիան միասնական է միայն այն հարցերի շուրջ, որ վերաբերում են անձամբ Ռոբերտ Քոչարյանին, կամ որտեղ վերջինս խիստ կոնկրետ շահագրգռվածություն ունի: Եվ կարծում ենք, օմբուդսմենի պարագան հենց այս պարագան է, եւ հաջորդ օմբուդսմենին ոչ թե ԱԺ-ն է ընտրելու, այլ Ռոբերտ Քոչարյանը, իսկ խորհրդարանն էլ ընդամենը վավերացնելու է նրա նշանակումը: Եվ ուրեմն, ի՞նչ փոխեց մեր կյանքում ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հանրաքվեն: Փոխեց այն, որ մենք Լարիսա Ալավերդյանի փոխարեն, որը սկսել էր ընկալել իր պաշտոնի բուն իմաստը, կունենանք լրիվ ձեռնասուն օմբուդսմեն»:

«Իշխանամետ դաշտում ստեղծվում են քաղաքական նոր խմբավորումներ, որոնցից յուրաքանչյուրը, ի դեպ, հավակնում է հաջորդ խորհրդարանում առնվազն 30 տոկոս ունենալ», - վերլուծում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Բայց Քոչարյանի նպատակը հաջորդ խորհրդարանը իրեն հավատարիմ ուժերով լցնելը չէ: Գոյություն ունի եւս մի անհրաժեշտ պայման. այդ ուժերը ոչ միայն հավատարիմ պիտի լինեն Քոչարյանին, այլեւ միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված լինեն: Ընդ որում, այս երկրորդ պայմանը քայլ առ քայլ եւ հետեւողականորեն իրականացվում է: Դատեցեք ինքներդ. հաջորդ խորհրդարանում «մեծ ներկայություն» ապահովելու հավակնություն ունեն ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի հետ միասին, ՀՅԴ-ն (որը մտադիր է 30 տոկոս ձայն ստանալ՝ հայտնի չէ, թե որտեղից), «Օրինաց երկիր»-ը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը, Սամվել Բաբայանի «Դաշինք»-ը, Նիգ-Ապարանը եւ այլն: Իսկ հիմա փորձեք այս թվարկածների մեջ գտնել գոնե երկու ուժեր, որոնք իրար հետ գոնե քիչ թե շատ տանելի հարաբերություններ ունեն»:

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Ազգ»-ում գրում է. - «Երկու կարծիք լինել չի կարող, որ հայաստանյան ռեժիմը ավտորիտար է: Ինչի՞ հիման վրա է արվում նման եզրահանգում: Խնդիրն այն է, որ տարբեր ժամանակներում երկրներում եւ հասարակարգերում ձեւավորված ավտորիտար ռեժիմները իրենց ազգային առանձնահատկությունների կողքին ունեն ընդհանուր բաղադրամասեր, որոնք պարտադիր են բոլոր ռեժիմների համար: Այսպես, ավտորիտարիզմին՝ այդ թվում հայկականին, հատուկ է ամուլ բազմակարծությունը, երբ լավ թե վատ ընդդիմություն կա, սակայն որեւէ դեր չի խաղում երկրի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքում: Անգամ կառավարման ղեկին դե-յուրե մոտ թողնված պառլամենտական կոալիցիան դե-ֆակտո զրկված է «վերեւների» գործերին մասնակցելու հնարավորությունից»:

«Լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ առավել քան զարմանալի իրադարձություն», - զարմանում է «Իրավունք»-ը. - «այդ բուհի խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, որն ընդամենը մի քանի տարի առաջ է հրաժեշտ տվել ուսանողի կարգավիճակին: Զարմանալի է, ի՞նչ կապ ունի նախագահի խոսնակը այս ամենի հետ, եւ ո՞ր արժանիքների համար է իր այս տարիքում նա ստանում այսպիսի կարգավիճակ: Սակայն ոչ պակաս զարմանալի է, որ ռեկտոր Սուրեն Զոլյանը կատարվածի առնչությամբ հատուկ շնորհակալություն է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ այդ ամենը որակելով «հատուկ ուշադրություն մեր բուհի հանդեպ»:

«Այն, որ Արաքս Դավթյանը չի երգում մեր օպերային թատրոնում եւ իր մասնագիտական առաջընթացը կապում է այլ երկրների թատրոնների հետ, եւս պատահական չէ», - գրում է «Առավոտ»-ը՝ մեջբերելով երգչուհու խոսքերը. - «Օպերային թատրոնում ամեն ինչ գլխիվայր է: Այնտեղ եւս այնպիսի կոռումպացված համակարգ է, ուր ամեն ինչի հիմքում ծանոթությունն է: Չկա՛ արտիստների ընտրության սկզբունք, չկա՛ մասնագիտական հանձնաժողով, որը լսումներ կանցկացնի ու կորոշի երգչի ձայնային տվյալները, չկան կոմպետենտ ռեժիսորներ, կոմպետենտ դիրիժորներ: Այդ ամենը մեր օպերային թատրոնում չկա: Ես տեսել եմ Գեղամ Գրիգորյանի բեմադրած «Տրավիտան». դա մի խայտառակություն էր: Տեսել եմ նրա «Անուշը», որը մի ահավո՛ր բան էր... Տեսեք, ունենք մեկ օպերային թատրոն, մեկ սիմֆոնիկ նվագախումբ: Ներողություն, ինչո՞ւ պետք է այդ նվագախումբը պահի միայն Լուիզ-Սիմոնը: Իսկ ո՞ւր է պետությունը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG