Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում չեն կիսում հարցի կարգավորման առումով միջազգային կառույցների լավատեսությունը


Լեռնային Ղարաբաղում թերահավատորեն են վերաբերում հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ներկայումս նախագահող Բելգիայի արտգործնախարարի լավատեսությանը, թե սկսված տարում հնարավոր է հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության ձեռքբերում:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության աշխատակազմի ղեկավար Լեոնիդ Մարտիրոսյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իրենք չեն կարծում, որ 2006 թվականին որեւէ փաստաթուղթ կստորագրվի, քանի որ «կողմերի դիրքորոշումները շատ տարբեր են»:

Մարտիրոսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լավատեսությունը հիմքում տեսնում է այն, որ այս տարի ընտրությունների չեն նախատեսված ո’չ Հայաստանում եւ ո’չ էլ Ադրբեջանում:

«Իհարկե, մենք նույնպես ուզում ենք, որ հարցը լուծվի, սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ այդօրինակ լավատեսության համար իրական հիմքեր չկան: Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումները խիստ բեւեռացած են», - ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ Ադրբեջանի կոշտ դիրքորոշմանը (հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում) Լեռնային Ղարաբաղը երբեք չի համաձայնի:

Ինչ վերաբերում է ներկայումս շրջանառության մեջ գտնվող հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակին, համաձայն որի հայկական ուժերը դուրս են բերվում գրավյալ տարածքներից, փախստականները վերադառնում են իրենց բնակավայրեր, իսկ տարիներ անց հանրաքվեի միջոցով լուծվում է Արցախի կարգավիճակի հարցը, ապա Մարտիրոսյանի համոզմամբ, առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցի կոնկրետ լուծման, հնարավոր չէ լուծել մյուս հարցերը:

«Տարածքների հարցը անմիջականորեն կապված է Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցերի հետ: Մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցի որոշումն է», - ասաց Լեոնիդ Մարտիրոսյանը՝ փոխանցելով նաեւ, որ Ղարաբաղը դեռեւս կոնկրետ գնահատական չունի նաեւ խաղաղարար ուժերի հնարավոր տեղակայման հետ կապված: Այդ հարցը, նրա խոսքերով, դեռեւս քննարկվում է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG