Մատչելիության հղումներ

40 միլիոն դրամ` «Բազե»-ի ձմեռային «թռիչքի» համար


Վերջին ամառային «Բազե»-ն տարբերվեց մյուսներից. այն անցավ Երեւանում ու ավելի շատ փառատոնային էր: Հիմնադրամի մամուլի պատասխանատու Աստղիկ Ավետիսյանը ասում է, որ այդ «Բազե»-ն «տեսանելի էր բոլորին ու դրա միջոցով շատերը վերջապես հասկացան՝ ինչ է իրենից ներկայացնում «Բազե» հավաքը»:

Ամառային հավաքը, սակայն, 2000-ից ավելի մասնակիցներին անմիջկան շփումից է զրկել: Բազեականները գիշերել են տանը կամ հյուրանոցում ու հանդիպել միայն մրցույթների ժամանակ: Իսկ ձմեռային «Բազե»-ն անցնելու է Ծաղկաձորի սպորտբազայում:

Պետական բյուջեից ու հիմնադրամի միջոցներից 40 միլիոն դրամ կհատկացվի ձմեռային «Բազե»-ին, որը հավաքելու է մոտ 400 մասնակիցներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից ու սփյուռքից: Այս տարի հայ բազեականներ կլինեն նաեւ Եվրոպայից:

Ձմեռային «Բազե»-ն բազմաթիվ մրցույթներից է կազմված՝ ֆուտբոլ, շախմատ, լող, բազկամարտ, սեղանի թենիս, երգ, պար, նորաձեւություն, «բազե-պոետ», «բազե-նկարիչ», ու ինտելեկտուալ խաղ. - «Նաեւ ազգային ծիսական միջոցառումներ են լինելու՝ հայկական բոլոր ավանդույթներով», - ասում է մամուլի պատասխանատուն:

Բազեականների համար կկազմակերպվեն հանդիպումներ քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների հետ: Ծաղկաձորյան հավաքի ժամանակ անցկացվելու է նաեւ ուրախների ու հնարամիտների ձմեռային մրցույթը: Ձմեռային «Բազե»-ին կրկին մասնակցելու են հաշմանդամների ու աստղերի ջոկատները, մի ջոկատ էլ հատուկ լրագրողների համար է նախատեսված:

Երեւանցի երիտասարդները մասնակցելու համար պիտի քաղաքապետարան դիմեն, իսկ մարզերում մասնակիցներին կընտրեն մարզպետարանները: Յուրաքանչյուր բուհից «Բազե»-ին կմասնակցի երկուական ուսանող:

«Բազե»-ն նաեւ բազմաթիվ խոսակցությունների կենտրոնում է լինում ամեն տարի: Եթե բուհերի սովորական ուսանողները սիրով պատրաստ են մասնակցել հավաքին, ապա պետհամալսարանի ուսխորհրդական Մանեն ասում է, որ հավաքին չի ուզում մասնակցել. - «Չեմ ուզում դավաճանել սկզբունքներիս, աչք փակել ամեն ինչի վրա ու գնալ պարզապես զվարճանալու»:

Մանեի կարծիքով, «Բազե»-ում միայն «ընտրյալներն» են՝ նախագահամետ երիտասարդներ, սակայն հիմնադրամի մամուլի պատասխանատու Աստղիկ Ավետիսյանը բացառում է նման ընտրությունը. - «Կուսակցական կլինի թե ոչ, կամ ինչ նախասաիրություններ կունենա, ոչ մի կապ չունի, մենք ընտրությանը չենք էլ մասնակցում»:

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG