Մատչելիության հղումներ

Նազարբաեւը պաշտոնադրվեց


Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր կայացել է վերընտրված նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնամուտի արարողությունը: 16 տարի երկիրը ղեկավարող Նուրսուլթան Նազարբաեւը Ղազախստանի նախագահի պաշտոնում երրորդ անգամ ընտրվել է 2005 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ստանալով ընտրողների քվեների 91,15 տոկոսը:

Ղազախստանի նախագահի պաշտոնամուտի արարողությանը մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Վրաստանի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլը, բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու դիվանագետներ:

Աստանայում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը եւ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սամվել Ավետիսյանը: Վարդան Այվազյանը Նուրսուլթան Նազարբաեւին է փոխանցելու Հայաստանի նախագահի ուղերձը:

Փաստորեն, Հայաստանը Աստանայում ներկայացված է թերեւս ամենահամեստ կազմով՝ թե' թվաքանակի եւ թե' պաշտոնեական դիրքի առումով: Կարելի է ենթադրել, որ սա վերջին շրջանում հայ-ղազախական հարաբերություններում նկատվող սառնության հերթական դրսեւորումն է: Հայկական կողմը դեռ ամիսներ առաջ մատնանշում էր միջազգային կառուցներում, նախեւառաջ՝ ՄԱԿ-ում Ղազախստանի ներկայացուցիչների ոչ այնքան հայանպաստ քվեարկությունները: Հայ դիվանագետները չէին բացառում, որ պաշտոնական Երեւանը կարող է խոչընդոտել՝ 2009 թվականին ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնել հավակնող Ղազախստանի ջանքերը՝ անգամ կիրառելով վետոյի իրավունքը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG