Մատչելիության հղումներ

Երկարաձգվել են Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ հանձնաժողովի լիազորությունները


Փարիզում երկուշաբթի տեղի ունեցած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը ներկայացրել է մի զեկույց, որտեղ ամփոփվել է հանձնաժողովի մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները եւ ղարաբաղյան կարգավորման շուրջ իրադարձությունները:

Լորդ Ռասել Ջոնսթոնը առաջարկել է նաեւ երկարաձգել Ղարաբաղի հարցով հանձնաժողովի լիազորությունների ժամկետը եւ ընդլայնել հանձնաժողովի աշխատանքի շրջանակները: Հանձնաժողովը այս դեպքում հնարավորություն կունենա հետեւելու, թե ինչպես են իրականացվում թիվ 1416 բանաձեւի առաջարկությունները:

«Հանձնաժողովը պետք է հետեւի, թե, օրինակ, Հայաստանում եւ Ադրբեջանում ատելության եւ պատերազմի քարոզչությունը ինչպես է իրականացվում եւ ինչ հաճախականությամբ, հանդուրժողականության, շփումների տեսակետից որ երկրում ինչ քայլեր են արվում, կամ չեն արվում, կամ հակառակն է արվում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:

2005 թվականի հունվարին ընդունված թիվ 1416 բանաձեւը բուռն վեճերի տեղիք տվեց Հայաստանում. քաղաքական գործիչներից ոմանք այն ներկայացրին որպես անվնաս մի փաստաթուղթ:

«Դրական եմ համարում պատվիրակության գործունեությունը: Փաստաթուղթը որպես այդպիսին չի կարող որեւէ ազդեցություն ունենալ», - կարծիք էր հայտնել խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Իսկ Ազգային Ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը փասթաթղթի ընդունումը համարել էր հայ դիվանագիտության բացթողում. - «Ադրբեջանի իշխանությունների մերժողական կեցվածքը բոլոր առաջարկությունների նկատմամբ, կարծես թե, արդարացվում է կամ, առնվազն, մշուշի մեջ է մնում»:

«Հայաստանը ագրեսոր է, կան օկուպացված տարածքներ, որոնք Եվրոպայի Խորհրդի անդամ երկիրը զավթել է ԵԽ անդամ մյուս երկրից», - բանաձեւի վերաբերյալ կարծիք էր հայտնել ԵԽԽՎ նիստին մասնակցած պատգամավոր Շավարշ Քոչարյանը:

Եվ իսկապես, առաջին իսկ կետով թիվ 1416 բանաձեւը արձանագրում է. - «Ադրբեջանի տարածքի զգալի մասը մնում է օկուպացված հայկական ուժերի կողմից, իսկ անջատողական ուժերը դեռեւս իրենց վերահսկողության տակ են պահում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»:

«Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողոը վերահաստատում է, որ ռեգիոնալ տարածքի անկախությունն ու անջատումն որեւէ պետությունից կարող է ձեռք բերվել միայն օրինական ու խաղաղ գործընթացով՝ հիմնված այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա», - ասված է բանաձեւում:

Այս պարբերությունը վկայում է, որ Եվրախորհուրդը դեռեւս մեկ տարի առաջ իր 1416 բանաձեւով առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորել ժողովրդական քվեարկության, այսինքն՝ հանրաքվեի միջոցով:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG