Մատչելիության հղումներ

Եվրոպական դատարանը հայաստանյան հայցերից մեկի գծով ընդունելիության մասին որոշում է կայացրել


Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանից ստացված հայցերից առաջինը կլսվի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արմեն Մկրտչյանի հայցը ընդդեմ Հայաստանի պետության: Մկրտչյանը պնդում է, թե վարչական տույժի է ենթարկվել հանրահավաքի մասնակցելու համար:

Արմեն Մկրտչյանը կալանվել ու վարչական տույժի էր ենթարկվել Հայաստանի Վարչական օրենսգրքի հիման վրա, որով իշխանությունները հարյուրավոր մարդկանց վարչական պատասխանատվության ենթարկեցին (ընդհուպ մինչեւ 15-օրյա կալանքը) 2003 թվականի նախագահական ընտրություններին հետեւած ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար: Եվրախորհուրդը բազմիցս պահանջել է Հայաստանից հրաժարվել այդ օրենսգրքից:

«Ընդդեմ Հայաստանի ներկայացված գանգատներից միայն Մկրտչյանի գործով է, որ արդեն գոյություն ունի ընդունելության մասին որոշում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանը, ով ի պաշտոնե եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան պիտի մասնակցի Հայաստանին վերաբերող բոլոր դատական քննարկումներին: - «Եվրոպական դատարանը այս գործը ընդունել է քննության եւ այս տարվա ընթացքում ես հույս ունեմ, որ արդեն կկայացվի վճիռ»:

Ընդունելիության մասին որոշումը ընդունվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներից երեքի կողմից, ինչից հետո գործը փոխանցվում է դատարանական չորս պալատներից մեկին, որոնցից յուրաքանչյուրում աշխատում են յոթ դատավորներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այժմ կա շուրջ 70 հազար չլսված գործ: Ստրասբուրգում գտնվող այդ դատարանը տարեկան կարողանում է վճիռ կայացնել ոչ ավելի, քան 4-5 հազար բողոքի վերաբերյալ: Ինչ վերաբերում է Հայաստանից Ստրասբուրգ ուղարկված գանգատներին, ապա դրանց թիվը արդեն հասել է մի քանի հարյուրի:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG