Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետը օրհասական վիճակում է


Իսրայելի վարչապետ Արիել Շարոնը օրհասական վիճակում է: Չորեքշաբթի երեկոյան ուղեղի կաթվածով Շարոնը տեղափոխվել էր Երուսաղեմի Հադասա հիվանդանոց, որտեղ 77-ամյա վարչապետը ենթարկվել է վիրահատության:

«Վիրահատությունը տեւել է 8 ժամ, Շարոնը կոմայի մեջ է, նրան միացրել են արհեստական շնչառության սարք: Ներկայումս նա վերակենդանացման բաժնում է, վարչապետը օրհասական վիճակում է», -ըստ «Ռոյթերզ»-ի, հայտարարել է Հադասա հիվանդանոցի տնօրեն Շլոմո Մոր-Յոսեֆը:

Սա Իսրայելի վարչապետի արդեն երկրորդ ուղեղի կաթվածն է մեկ ամսվա ընթացքում: Դեկտեմբերի 18-ին Արիել Շարոնը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն արդեն մի քանի օր անց վերադարձել էր աշխատանքի:

Արիել Շարոնի առողջության կտրուկ վատթարացման պատճառով հինգշաբթի առավոտյան Իսրայելի կառավարությունը գումարել է արտակարգ նիստ, որը վարել է վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարող փոխվարչապետ Էխուդ Օլմերտը:

Արիել Շարոնը Իսրայելի կառավարությունը ղեկավարում է 2001 թվականից եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական ջատագովներից է: Նրա անմիջական նախաձեռնությամբ սեպտեմբերին Գազայի հատվածից դուրս բերվեցին Իսրայելի զորքերը եւ հրեա նորաբնակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG