Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ պլանավորման խումբը հունվարի վերջին կայցելի Լեռնային Ղարաբաղ


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը տեղեկացրեցին hայաստանյան դիվանագիտական աղբյուրները, վիճահարույց տարածքներում տեղազննում իրականացնելու նպատակով հունվարի վերջին Լեռնային Ղարաբաղ կայցելի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) պլանավորման խումբը:

Այցը, ամենայն հավանականությամբ, կապված է հակամարտության հնարավոր կարգավորման դեպքում խաղաղապահ ուժերի տեղակայման խնդրի հետ:

ԵԱՀԿ պլանավորման խումբը անցած տարեվերջին եղել է Ադրբեջանում ու Հայաստանում: Անդրադառնալով հունվարի վերջին խմբի հնարավոր այցին Ղարաբաղ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, թե «դրանից հետո որոշում կկայացվի հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղապահ գործողություն իրականացնելու հնարավորության վերաբերյալ»:

Հայկական կողմը չի շտապում ԵԱՀԿ պլանավորման խմբի հնարավոր այցի մասին մեկնաբանություններ անել՝ նշելով, թե խաղաղարար ուժերի տեղակայման մասին խոսելը դեռ շատ վաղ է, քանի որ «հակամարտության կարգավորումը դեռեւս այն փուլում չէ, որ նման հարցեր դրված լինեն սեղանին»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը օրերս ասել էր, թե «կողմերը խաղաղապահների տեղակայման առթիվ համաձայնություն կայացրել են»: Ռուս դիվանագետն անգամ նշել էր տեղակայվելիք խաղաղապահ ուժերի թիվը՝ մոտ 10 հազար մարդ՝ հավելելով, թե խաղաղապահների տեղակայման համար կպահանջվի 3-4 ամիս:

ԵԱՀԿ պլանավորման խմբի հնարավոր այցը Լեռնային Ղարաբաղ վկայում է հակամարտության կարգավորման գործընթացում էական տեղաշարժի մասին՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ զինադադարից անմիջապես հետո ստեղծված եւ եվրոպական մի քանի երկրների ներկայացուցիչներից բաղկացած այս խումբը անցած 8 տարվա ընթացքում տարածաշրջան չի այցելել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG